Ինչն է խանգարում կանանց քաղաքական ակտիվությանը
Կանայք Հայաստանում ավելի շատ ներգրավված են հասարակական սեկտորում, քան քաղաքակնության մեջ: ՀԿ-ների շարքային անդամների շրջանում կանայք կազմում են 69.7 տոկոս, տղամարդիկ` 30.3 տոկոս: Ստորին եւ միջին ղեկավար կազմերում կանանց ներգրավվածությունը ՀԿ սեկտորում 41.2 տոկոսի է հասնում, իսկ տղամարդկանցը` 58.8 տոկոսի: Կանանց եւ տղամարդկանց ներգրավվածության միջեւ հարաբերակցությունը հօգուտ տղամարդկանց էլ ավելի է բարձրանում արդեն ղեկավար պաշտոններում:
ՀԿ սեկտորում ղեկավարների շրջանում կանայք կազմում են 25 տոկոս, տղամարդիկ` 75 տոկոս: Տարբերությունն ավելի ակնհայտ է դառնում քաղաքական կուսակցությունների պարագայում: Հայաստանում կուսակցությունների ղեկավար կազմում կանանց ներգրավվածությունը չափազանց ցածր է`0.8 տոկոս: Քաղաքական կուսակցությունների ղեկավար կազմում գերակշիռ մասը` 99.2 տոկոսը տղամարդիկ են: Այս ցուցանիշներն արձանագրվել են “Կովկաս” հասարակագիտական հետազոտությունների կենտրոնի անցկացրած հարցումների արդյունքում: Հետազոտության շրջանակներում անդրադարձ է եղել այն խնդիրներին, որոնք խոչընդոտում են կանանց քաղաքական ակտիվությանը: Հետազոտությանը մասնակցած փորձագետների զգալի մասը որպես թիվ մեկ խնդիր նշել է քաղաքական պայքարում քրեական տարրերի առկայությունը:
Սրան հաջորդել են քաղաքական պայքարի կոշտությունն ու ագրեսիվությունը, կանանց` կենցաղային ու ընտանեկան հոգսերով ծանրաբեռնվածությունը, ֆինանսական սուղ հնարավորությունները եւ ընտրակաշառքի տարածվածությունը: Կանանց քաղաքական մասնակցության վրա ազդեցություն թողնող գործոնների շարքում փորձագետները նշել են նաեւ կուսակցության ներսում ներքին ժողովրդավարության պակասը, ինչպես նաեւ կին թեկնածուների նկատմամբ անվստահությունը: Ուշագրավ է, որ զանգվածային հարցումների պատասխանները չեն համընկել փորձագետների պատասխանների հետ: Հարցվածների զգալի մասը որպես հիմնական խնդիր նշել է կնոջ կողմնորոշվածությունը դեպի ընտանիք, ինչպես նաեւ անվստահությունը սեփական ուժերին: