22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Հայկական կողմը նոր ռեկորդ է սահմանել»․ Բաքուն արձագանքել է նոր առաջարկներ փոխանցելու մասին Փաշինյանի երեկվա հայտարարությանը

Բաքուն արձագանքել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նոր առաջարկներ փոխանցելու մասին Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը։

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը չի բացահայտել ոչ Երևանից ստացած առաջարկների բովանդակությունը, ոչ էլ դրանց վերաբերյալ Բաքվի դիրքորոշումը, փոխարենը շեշտել է՝ Փաշինյանը հինգշաբթի օրն այդ մասին հայտարարել է առաջարկները փոխանցելուց բառացիորեն 40 րոպե անց։ Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն։

«Ուզում եմ նշել մի հետաքրքիր միտում՝ որպես կանոն, հայկական կողմը 30-ից 60 օր անպատասխան է թողնում Ադրբեջանի ուղարկած մեկնաբանությունները։ Ես հիմա չեմ ասում՝ դա շատ է, թե քիչ։ Այդ ժամանակահատվածում ադրբեջանական կողմը դա ընկալում է որպես գործընթացի անբաժանելի մաս, որովհետև մեզ համար արդյունքն ավելի կարևոր է», – արձագանքել է Բայրամովը և շարունակել․ – «Հայկական կողմը և Հայաստանի վարչապետը նոր ռեկորդ են սահմանել՝ մեկնաբանություններն ուղարկելուց ընդամենը 40 րոպե անց մամուլի համար հայտարարություն են տարածել։ Ըստ իս, այս ամենը հստակ ցույց է տալիս, թե կողմերից ով է շահագրգռված գործընթացի հանգուցալուծմամբ, և ով է նախապատվություն տվողը վերնագրերին և քաղաքական հայտարարություններին»։

Բայրամովն այս մասին խոսել է Բելգիայի պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։

Հաջա Լահբիբը Բաքու է մեկնել Երևանից, որտեղ հայտարարել էր, թե պատրաստվում է Ադրբեջանի իշխանությունների հետ բանակցությունների ընթացքում էլ կրկնել՝ Ալիևի վարչակազմի պարտավորությունն է Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության ապահովումն ու Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը։

Այս պահանջը Բելգիայի արտգործնախարարին հաջողվել է հնչեցնել միայն Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպմանը։ Նախագահ Ալիևը հրաժարվել է նրան ընդունել, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Բելգիայի նախարարի «հայանպաստ դիրքորոշման ու Հայաստանում արած անհիմն հայտարարությունների պատճառով»։

«Մենք ցանկանում ենք որպեսզի Լաչինի միջանցքում չլինեն սահմանափակումները, դա օգուտ չի բերի։ Մենք կարծում ենք, որ Ադրբեջանը կարող է պատասխանատու կերպով լուծել այդ հարցը», – Բաքվում երեկ հայտարարում էր Բելգիայի արտգործնախարարը։

Ի պատասխան՝ Եվրամիության անդամ երկրի պաշտոնյան լսել է պաշտոնական Բաքվի ավանդական արձագանքը, թե Լաչինի ճանապարհը երկկողմանի բաց է, ավելին՝ Բաքուն հայերին հումանիտար օգնության համար ևս մեկ երթուղի էլ Աղդամով է առաջարկում։

Բայրամովը միաժամանակ անտեղին է համարել Փաշինյանի մեղադրանքը, թե ադրբեջանական կողմը հրաժարվում է Ստեփանակերտի հետ բանակցություններից։ Ադրբեջանի արտգործնախարարն ակնարկել է, թե Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ հանդիպելու իրենց հրավերն ուժի մեջ է։

«Առաջին հանդիպումը կայացել է, որից հետո հաջորդ հանդիպման հրավերն է արվել։ Կընդունվի այդ հրավերը, թե ոչ, կախված է մարդկանցից, որոնց հրավերը հասցեագրված է, – ասել է Ադրբեջանի արտգործնախարարը և որոշ մանրամասներ հայտնել,- Օգոստոսի սկզբին այս ուղղությամբ պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ Տեղի հայերի ներկայացուցիչները տվել են իրենց համաձայնությունը և պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպում անցկացնել Ադրբեջանի կողմից որոշված քաղաքում»։

Նրա խոսքով՝ օգոստոսի 5-ի հանդիպումը «տարբեր պատրվակներով ձգձգվել է»։

Պաշտոնական Ստեփանակերտը, հիշեցնենք, հայտարարել է, որ բանակցությունները չեղարկվել են Լաչինի միջանցքից Վագիֆ Խաչատրյանի առևանգման պատճառով։ Ադրբեջանի արտգործնախարարը մինչդեռ պնդում է հանդիպման չեղարկման պատճառը հայկական կողմի բանագնացի առողջական խնդիրներն էին։

«Անձը, որը պետք է գար օգոստոսի 5-ի հանդիպմանը, առողջության հետ կապված խնդիրներ ուներ»,- հայտարարել է Բայրամովն՝ առանց հավելյալ մանրամսներ հայտնելու։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ