22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արայիկ Հարությունյանը լավ կանի չսպառնա արցախցիներին, որովհետև հենց զրկանքներ կրող արցախցիներն են, որ փրկում են Արցախի ու Արայիկ Հարությունյանի դեմքը

44-օրյա պատերազմը տանուլ տված ղեկավարին՝ Արայիկ Հարությունյանին արցախցիների մեծ մասը պատերազմից հետո հանդուրժեց միայն պետականության հանդեպ ունեցած պատասխանատվության հաշվին. Արայիկ Հարությունյանի հրաժարականը կխարխլեր նախագահի ինստիտուտը, այդ հրաժարականը հաղթաթուղթ կդառնար Բաքվի ձեռքին, բայց արդյո՞ք կամազուրկ նախագահն արդեն հաղթաթուղթ չէ՞ Բաքվի ձեռքին և ոչ միայն Բաքվի։

Արցախի դե յուրե առաջնորդն ակնհայտորեն ձախողեց հետպատերազմյան Արցախի կառավարումը՝ սկզբնական շրջանում նախ փափուկ բարձ դնելով մարդկանց գլխի տակ՝ բթացնելով հանրության անվտանգային հարցերի ընկալումը, ապա դիմադրության համապատասխան ենթակառուցվածքներ չձևավորելով, հանրային իմունիտետը թուլացնելով, Արցախը հասցրեց խոր ճգնաժամի փուլի, անկառավարելի քաոսի։

Թվում էր՝ այս պայմաններում Արցախում բոլոր ռեսուրսները պիտի ուղղվեին թշնամու ահռելի ճնշումները դիմադրելուն, բայց, քանի որ Արցախի իշխանությանը դա անել առանձնապես չի հաջողվում, մնում է ներսում «առյուծ կտրել»՝ սպառնալով, լռեցնելով անմարդկային զրկանքներ կրող քաղաքացիներին։

«Որպես հանրապետության նախագահ իմ պաշտոնավորումն էլ միտված է լինելու մարդուն և ժողովրդին անմնացորդ ծառայելուն՝ հիմնված մարդու անօտարելի արժանապատվության և իրավունքների ու ազատությունների հանդեպ հարգանքի վրա»։

2020 թվականին Շուշիում Արայիկ Հարությունյանի երդմնակալության տեքստը վստահաբար պատրաստել էին Հարությունյանի համար, բայց գուցե տեքստ գրողն ինքը չի պատկերացրել՝ որքան օտար է այդ ուղերձը Հարությունյանի համար։

Քանի ամիս անմարդկային պայմաններում, կյանքի տարրական հնարավորություններից զրկված, հացի հերթերում լուսացնող մարդկանց արժանապատվությունը ոտնահարելու հարցում Արայիկ Հարությունյանը իրեն թիվ մեկ մեղավո՞ր, թե՞ թիվ մեկ պատասխանատու է համարում։ Արցախում Արայիկ Հարությունյանին քննադատող քաղաքացիներն ահազանգում են՝ նախագահը հետևում է ամեն գրառման, մեկնաբանության, հավանման, ապա սպառնում՝ եթե չեն ուզում աշխատանքից զրկվել, պիտի լռեն։ Ճգնաժամային կառավարումը ձախողած նախագահը փաստորեն ժամանակ ունի Արցախի համար ճակատագրական օրերին սեփական անձի ու հեղինակության մասին հոգ տանելու՝ չգիտակցելով, որ հենց ինքն է սեփական հեղինակությունը փոշիացրել։

Արցախի քաղաքացի Դավիթ Մաթևոսյանին, որ քննադատում, նմանակում է Արայիկ Հարությունյանին, ոստիկանները ծեծել են, մեկ օր պահել անազատության մեջ հավաք կազմակերպելուց հետո։ Արցախում վախի մթնոլորտ գեներացնող նախագահը, գուցե, այդկերպ սեփական վախերն է ճնշում, բայց լավ կլիներ, եթե 2020 թվականի երդմնակալության ազդեցիկ տեքստը գրած մարդը խորհուրդ տար նախագահին՝ չհյուծել առանց այն էլ ահռելի դժվարությունների միջով անցնող մարդկանց, որովհետև հենց այդ մարդիկ են, որ դեռ փրկում են Արցախն ու Արայիկ Հարությունյանի դեմքը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ