Ինչ ձեռքբերումներ ունեն մարդիկ այսօր
Կրթվածությունը լավ բան է, բայց անհրաժեշտ է հոգին էլ «կրթել», որպեսզի այն օգուտ բերի: Այլապես կրթվածությունն աղետով կավարտվի: «Չարիքը,- ասել է սուրբ Կոսմա Էթոլոսացին,- կրթված մարդկանցից է գալու»*: Թեև գիտությունը բավականին առաջընթաց է ապրել ու այդքան հաջողությունների հասել, մարդիկ, փորձելով աշխարհին օգնել, իրենք էլ չհասկանալով՝ կործանում են այն: Աստված մարդուն թույլ է տվել ամեն ինչ ըստ իր գիտակցության անել, բայց Աստծուն չլսելով՝ մարդ կործանում է իրեն, կործանում է իր իսկ ստեղծածով:
Ինչի՞ հասան քսաներորդ դարի մարդիկ իրենց քաղաքակրթությամբ: Նրանք խելագարության հասցրին աշխարհը, աղտոտեցին մթնոլորտը, ամեն ինչ փչացրին: Եթե անիվը սռնուց դուրս գա, ապա կշարունակի աննպատակ պտտվել: Այդպես էլ մարդիկ են տառապում՝ աստվածային ներդաշնակության առանցքից դուրս գալով: Հնում մարդիկ պատերազմից էին տառապում, հիմա՝ քաղաքակրթությունից: Այն ժամանակ մարդիկ պատերազմի պատճառով քաղաքներից գյուղ էին տեղափոխվում ու գոնե մի փոքրիկ բանջարանոց ունենալով՝ ապրում էին: Իսկ այժմ մարդիկ քաղաքակրթության սաստիկ ճնշման պատճառով են հեռանալու քաղաքներից: Այն ժամանակ պատերազմը մարդկանց մահ էր բերում, իսկ քաղաքակրթությունն այժմ՝ հիվանդություններ:
– Հա՛յր, իսկ քաղցկեղն ինչո՞ւ է այդքան տարածվել:
– Կարծում ես, որ Չեռնոբիլն ու դրա նման այլ երևույթներն առանց հետք թողնելո՞ւ են անցել: Ամեն ինչ այդտեղից է գալիս է: Ահա՛ քեզ մարդիկ, այդ ամենը նրանց պտուղներն են… Ժողովուրդը սարսափելի այլանդակվել է: Ո՞ր դարաշրջանում այսքան հիվանդներ կային: Հնում մարդիկ այսպիսին չէին: Իսկ այժմ ինձ ուղարկված նամակներից որն էլ բացեմ, անպայման կա՛մ քաղցկեղ է լինելու, կա՛մ հոգեկան հիվանդություն, կա՛մ կաթված, կա՛մ էլ քայքայված ընտանիք: Նախկինում քաղցկեղը հազվադեպ պատահող հիվանդություն էր, քանի որ կյանքն արհեստական չէր: Հիմա Աստծու թույլ տվածների մասին չեմ խոսում: Մարդը բնական սնունդ էր ընդունում ու գերազանց առողջություն ուներ: Ամեն ինչ մաքուր էր՝ մրգերը, սոխը, լոլիկը: Իսկ հիմա նույնիսկ բնական սնունդն է մարդուն խեղում: Միայն միրգ ու բանջարեղեն ուտողներն ավելի շատ են վնասվում, քանի որ ամեն ինչ աղտոտված է: Եթե նախկինում էլ այդպես լիներ, ապա ես երիտասարդ տարիքում կմահանայի, որովհետև վանքում բանջարանոցի տվածն էի ուտում՝ սոխ, հազար, կաղամբ և այլն ու ինձ հրաշալի էի զգում: Իսկ այժմ պարարտացնում են, սրսկում… Ինչերո՜վ են սնվում հիմա մարդիկ… Հոգեկան անհանգստությունը, սննդային փոխարինիչները մարդուն հիվանդացնում են: Մարդիկ իրենք իրենց անպիտան են դարձնում, երբ գիտությունն առանց կշռադատելու են օգտագործում:
– Հա՛յր, իսկ նախկինում մարդիկ ինչո՞ւ էին ավելի դիմացկուն ճգնավորության մեջ ու ավելի առողջ, քան մենք: Նշանակություն ունե՞ր, թե ինչ էին ուտում:
– Այո՛, քանի որ այն ժամանակ սննդամթերքը մաքուր էր: Կարծում եմ՝ առանց բացատրությունների էլ է ակնհայտ: Մարդիկ հասած պտուղներով էին սնվում: Իսկ հիմա խակ մրգերն ու բանջարեղենը քաղում ու սառնարանն են դնում, որպեսզի շուտ չփչանան: Կանաչ, խակ պտուղները քաղում են ծառից ու արկղերի մեջ դասավորում, որ հասունանան: Առաջ հասունացած պտուղն ընկնում էր ծառից կամ էլ ձեռք չտված՝ արդեն պոկվում էր ճյուղից: Երեխաները հաց ու կարագ էին ուտում, կաթ խմում և այդ պատճառով էլ առողջ էին: Իսկ մարդիկ էլ բացի լավ ու առողջարար սնունդ ուտելուց, եթե հիվանդանում էին, ապա «զոռ էին տալիս» իրենց ուղեղներին ու հասկանում արդյո՞ք դա սնունդից է, թե՞ ոչ: Իսկ հիմա ո՛չ ուտելիքն է բնական, ո՛չ էլ ուղեղներին են «զոռ տալիս»:
Որքան անբարեխղճորեն է մարդն այժմ աշխատում: Բուրդն ու բամբակը կամաց-կամաց հանում են գործածումից: Բամբակե շապիկ գտնելը, որ քրտինքը ներծծի, արդեն մեծ խնդիր է: Շապիկը հագնելով՝ միանգամից հասկանում եմ սինթետիկ նյութեր կան, թե ոչ: Եթե կան, ուրեմն չեմ կարողանում շնչել, տանջվում եմ, տառապում: Իսկ մարդիկ կարծում են, որ այդպիսի շապիկներն ավելի դիմացկուն են ու ավելի լավը, քան բնականները: Դա առաջընթաց են համարում: Իսկ արդյո՞ք օգտակար է առողջության համար: Ո՛չ, ընդհակառակը, մարդիկ իրենց առողջությանն են վնասում՝ այդպիսի իրեր արտադրելով: Եվ պիտակ են փակցնում. «Պատրաստված է մաքուր բրդից»: Այո, գովազդի համար է՛լ ավելի մաքուր բառեր կգտնեն: Ոչխարներն այժմ միայն մսի համար են, որովհետև բուրդը նավթից ենք պատրաստում: Իսկ շերամորդերն ասում են. «Դե, եթե մեր մետաքսից ավելի լավն եք ուզում, ուրեմն ինքներդ էլ հյուսեք»…
* Սուրբ Կոսմայի մարգարեությունն Աստծու երկյուղը չունեցող կրթված մարդկանց մասին էր:
Հայր Պաիսիոս Աթոսացի
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը
surbzoravor.am