Կառավարությունն ավելի լավատեսական է, քան ԿԲ-ն
Հայաստանի այս տարվա տնտեսական աճի վերաբերյալ շատ ավելի լավատեսական սպասումներ ունի կառավարությունը, քան Կենտրոնական բանկը։ Մինչ գործադիրը պլանավորել է ապահովել համախառն ներքին արդյունքի 4,2 տոկոսանոց աճ, ԿԲ-ն անցած շաբաթվա վերջին հրապարակած գնաճի հաշվետվության մեջ կանխատեսել է, որ տնտեսական աճը կլինի առավելագույնը 2 տոկոս։
Կենտրոնական բանկը տնտեսական աճի ռիսկեր է տեսնում՝ թելադրված ինչպես արտաքին, այնպես էլ ներքին հատվածից.
-2015 թվականին սպասվող արտաքին տնտեսական անբարենպաստ միջավայրը՝ մասնավորապես հիմնական առեւտրային գործընկեր Ռուսաստանի տնտեսական աճի սպասվող անկումը, հանքահումքային մետաղների գների ցածր մակարդակը, ինչպես նաեւ Հայաստանի տնտեսությունում սպասվող ներքին պահանջարկի նվազումը հիմք են հանդիսացել 2015թ. տնտեսական աճի կանխատեսումները նախորդ կանխատեսումների համեմատ էականորեն նվազեցնելու համար։
Արդյունքում ակնկալվում է, որ 2015 թվականին, 2014թ. համեմատ տնտեսական աճը կդանդաղի եւ կձեւավորվի 0,4-2 տոկոսի միջակայքում,-ասվում է ԿԲ դրամավարկային քաղաքականության ծրագրի առաջին եռամսյակի կանխատեսման մեջ։
Հայաստանի տնտեսության վրա մեծացել են ՌԴ-ից փոխանցվող բացասական գործոնները։ ԿԲ գնահատումներով, անցած տարվա վերջին եւ այս տարվա սկզբին արձանագրված էական տնտեսական տատանողականության հետեւանքով 2015թ. Ռուսաստանում ակնկալվում է տնտեսական անկում։ Միտումը կպահպանվի նաեւ հաջորդ տարվա ընթացքում։ Եվ միայն 2017թ. ՌԴ տնտեսությունը դուրս կգա անկումային վիճակից։
Մինչ այդ, առկա դրսեւորումները ԿԲ կարծիքով, էական ռիսկեր կստեղծեն Հայաստանի ինչպես տնտեսական աճի, այնպես էլ մասնավոր ոչ առեւտրային փոխանցումների առումով։ Ենթադրվում է, որ կխորանա տրանսֆերտների նվազում. «Հաշվի առնելով Ռուսաստանի տնտեսության անկման նոր կանխատեսումները, ինչպես նաեւ չորրորդ եռամսյակի ընթացքում ռուսական ռուբլու կտրուկ արժեզրկման ազդեցությունները՝ կանխատեսվում է ֆիզիկական անձանց դրամական զուտ փոխանցումների դոլարային արժեքի շուրջ 30 տոկոս նվազում»։
Սա մոտ է 2009թ. անկմանը, երբ մասնավոր տրանսֆերտների հոսքերը կրճատվեցին 31 տոկոսով։ Այդ պայմաններում Հայաստանում տնտեսական անկումը կազմեց ավելի քան 14 տոկոս։
Այս անգամ տրանսֆերտների անկման սպասումները համարժեք են 2009թ. փաստացի ցուցանիշներին, սակայն տնտեսական աճի առումով ակնկալիքներն անհամեմատ ավելի դրական են։ Թեեւ տնտեսության բոլոր հատվածների համար Կենտրոնական բանկը դրանք վերանայել է նվազման ուղությամբ։
Վ.ՔՈՉԱՐՅԱՆ