«Թույլ մի տվեք ձեզ հետ այդպես վարվել…»

Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը վերջին ներքաղաքական զարգացումները մեկնաբանելով` նշում է. «Ես թատրոնը շատ բարձր եմ գնահատում, որպեսզի նման բաները թատրոն նկարագրեմ: Սա իսկապես խոսում է քաղաքական ցածր մակարդակի մասին, երբ որ փողոցային հարաբերությունները դառնում են քաղաքականություն և հարց լուծելն է փողոցային մակարդակի վրա»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:
«Երկու կովբոյ ձիերի վրա գնում են, մեկի մոտ կա հարյուր դոլար, մեկի մոտ՝ ոչ մի ցենտ: Տեսնում են մեծ գունդ թրիք: Նա, ում մոտ չկա ոչ մի ցենտ, ասում է՝ արի գրազ գանք հարյուր դոլարով, որ ես այս թրիքի գնդի կեսը կուտեմ, գրազ են գալիս, ուտում է: Հարյուր դոլարը վճարում է, բայց վատ է զգում, որ այլևս գումար չունի:
Ասում է՝ Սեմ, արի գրազ գանք, որ հարյուր դոլարով ես էլ մյուս կեսը կուտեմ ու այդպես էլ լինում է: Շարունակում են ճանապարհն, ու մեկը մյուսին ասում է՝ դու ունեիր հարյուր դոլար, հիմա էլ ունես այդքան, ես չունեի ոչինչ, հիմա էլ չունեմ ոչինչ, էտ կեղտն ի՞նչի կերանք:
Բոլորը մնացին իրենց տեղերում, նույն կարգավիճակով, պարզապես մի լավ կեղտոտվեցին»,-անեկդոտի տրամաբանությամբ վերլուծեց մեր զրուցակիցը:
Ըստ Բաբայանի՝ կուսակցությունները գործիք են, բայց մեր պարագայում կուսակցությունները ժողովրդին են դարձնում գործիք: «Նորմալ երկրներում հասարակությունը հասարակական շարժումների միջոցով առաջ է քաշում որոշակի գաղափարներ, այդ գաղափարները վերցնում են, և փորձում իրականացնել կուսակցությունները, որոնք լծակներ ունեն, բայց ծնվում են գաղափարներ հասարակության մեջ, հասարակական շարժումներում, ոչ թե նրանք են պրոդուկտ: Մեզ մոտ հակառակն է, կա կուսակցական, կլանային պայքար, որի մեջ փորձում են ներքաշել ժողովրդին և ժողովրդին դարձնում գործիք»:
Բաբայանի համոզմամբ` ժողովրդի կարծիքը ոչ մի կերպ հաշվի չի առնվում: «Պետք լինի, կհրավիրեմ հարյուր հազար մարդ, հետո եկանք ինչ-որ բանի, համաձայնության, լավ, հարյուր հազա՛ր, գնացեք, պետք չեք, կասենք՝ երբ պետք կլինեք: Այդպես է ստացվում:
Ես անձամբ չեմ ուզում գործիք լինեմ: Թող ամեն մեկը զբաղվի իր գործով. գործիքը լինի գործիք, հասարակությունը՝ հասարակություն, և թույլ չտա, որ իր հետ այդպես վարվեն»: Բաբայանի խոսքով՝ այստեղ մեծ դեր ունի մտավորականությունը, որն այս ամենը պետք է բացատրի հասարակությանը, որ երբևէ թույլ մի տվեք ձեզ հետ այդպես վարվել: