Հղի կնոջ փայծաղն էր պայթել. Հայկական ժամանակ
Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոնում` Հանրապետական ծննդատանը նախօրեի առավոտյան մահացել է հղիության 9-րդ ամսում գտնվող 30-ամյա մի կին: Ըստ “Հայկական ժամանակ”-ի նա իր առաջին զավակներին` երկվորյակների էր սպասում: Մորից առաջ մահացել են դեռեւս չծնված երեխաները:
Թերթի թղթակցի հետ զրույցում նշված կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը հայտնել է, որ կինը իրենց մոտ է տեղափոխվել փայծաղի պատռվածքով` առավոտյան ժամը 8-ի սահմաններում:
Բժիշկները նրան վիրահատել են, սակայն կյանքը փրկել չի հաջողվել: Վիրահատությունից շուրջ կես ժամ անց կինը մահացել է: Այժմ, ըստ Ռազմիկ Աբրահամյանի, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն` պարզելու, թե ինչն է եղել փայծաղի պատռվելու պատճառը:
Հանրապետական ծննդատան ղեկավար Ռազմիկ Աբրահամյանը, անդրադառնալով այն հարցին, թե հնարավո՞ր է` կինն ուշ է դիմել բժիշկների օգնությանը, այլապես կարելի կլիներ փրկել նրա ու երեխաների կյանքը, պատասխանել է, որ ըստ ամուսնու` կնոջ մոտ հանկարծակի ցավեր են սկսվել, գիտակցությունը կորցրել է, զարկերակը չի շոշափվել, ինչից հետո, առանց ժամանակ կորցնելու, Շտապ օգնություն են կանչել եւ նրան տեղափոխել հիվանդանոց: