Ի՞նչ է նշանակում՝ «Հայր մեր, որ երկնքում ես … »
Հաճախ պարզագույն հոգևոր հարցերի շուրջ կասկածներ և հարցեր են առաջանում, որոնց վերաբերյալ պատասխան չգտնելով, կամ թողնում ենք դրանք օդում առկախ, կամ հարցերին տալիս ենք մեր՝ աշխարհիկ մեկնությունը՝ այդպես էլ չհասկանալով իրական՝ հոգևոր իմաստը:
Սկսենք բոլորիս հայտնի Տերունական աղոթքից՝ հատվածաբար ներկայացնելով և մեկնելով այն՝ ըստ Ավետարանի:
Հայր մեր, որ երկնքում ես,
Սուրբ լինի Քո անունը,
Քո թագավորությունը գա,
Քո կամքը լինի երկրի վրա,
Ինչպես երկնքում է:
Մեր հանապազօրյա հացը տուր մեզ այսօր,
Եվ ներիր մեր պարտքերը,
Ինչպես մենք ենք ներում մեր պարտապաններին,
Եվ մի տար մեզ փորձության,
Այլ փրկիր մեզ չարից,
Որովհետև Քոնն է թագավորությունը,
Եվ զորությունը,
Եվ փառքը հավիտյանս,
Ամեն:
Ի՞նչ է նշանակում՝ «Հայր մեր … »
Այս խոսքերով Աստված մեզ սիրով կոչ է անում հավատալու, որ Ինքն է մեր Արարիչը, մեր ճշմարիտ Հայրը, որ Քրիստոսի շնորհիվ հիմա մենք՝ բոլորս, Իր իրական որդիներն ենք և կարող ենք ամենայն համարձակությամբ և վստահությամբ խնդրել Նրան, ինչպես սիրելի զավակներն են խնդրում իրենց սիրելի հորը:
Ա Հովհ. 3.1 «Տեսեք, թե Հայրն ինչպիսի սեր շնորհեց մեզ, որ Աստծո որդիներ կոչվենք և իսկապես ենք. սրա համար աշխարհը չի ճանաչում մեզ, որովհետև Նրան չճանաչեց» :
Բ Կորնթ. 6.18 «Ես ձեզ կընդունեմ ու ձեզ Հայր կլինեմ, և դուք ինձ որդիներ ու դուստրեր կլինեք»:
Իսկ ինչո՞ւ՝ «մեր», ինչո՞ւ ենք ասում՝ «Հայր մեր» :
Որովհետև Քրիստոսով բոլոր հավատացյալները նույն Հոր զավակներն են: Եվ պետք է նրանք միասին աղոթեն և միմյանց համար աղոթեն:
Գաղատ. 3.26 «Ամենքդ Աստծո որդիներ եք Քրիստոս Հիսուսին հավատալով»:
Հակ. 5.16 «Իրար խոստովանեցեք ձեր հանցանքները և իրար համար աղոթք արեք, որ բժշկվեք: Արդարի աղոթքը շատ զորավոր է ներգործում» :
Ի՞նչ է նշանակում՝ « … որ երկնքում ես … »
Այս խոսքերը վստահեցնում են, որ մեր Երկնավոր Հայրը, Ով ամեն ինչի Տերն է և ամեն ինչից վեր է, մեր աղոթքին պատասխանելու զորություն ունի:
Ղուկ. 1.37 «Աստծո համար ոչ մի անհնար բան չկա »:
Գործ. 17.24 «Աստված, որ ստեղծել է այս աշխարհը և ամեն ինչ, որ կա նրանում, երկնքի ու երկրի Տերն է»: