«Քաղաքական քամին բոլոր տեսակի ծաղիկներին կքշի կտանի».նոր արձագանքներ

Երկրապահի բոլոր տարածքների ներկայացուցիչները շարունակում են արձագանքել Ռուբեն Գևորգյանի (Ծաղիկ Ռուբո) խոսքին, որ ուղղված էր ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանին:
ԵԿՄ Վանաձորի տ/բ նախագահ Ռազմիկ Մադարյան
-Այսօր քաղաքական դաշտում այնպիսի վիճակ է, որ ոմանք իրենց չափը կորցրած, իրենց գլխից վեր բաներ են խոսում: Ժամանակին Սպարապետ Վազգեն Սարգսյանն է, ընդ որում մի քանի առիթներով և հրապարակավ տվել Մանվել Գրիգորյանի գնահատականը: Այսօր, ինչպես ժողովուրդն է ասում, նոր հավերը երկաթե ձվեր են ուզում ածել: Չի ստացվի: Քաղաքական քամին բոլոր տեսակի ծաղիկներին կքշի կտանի: Խելքի եկեք: Հետո ո՞վ է ձեզ հավաքելու:
Վալերիկ Հարոյան՝ ԵԿՄ Լոռու մարզխորհրդի փոխնախագահ
-Ծաղիկ-մաղիկ չգիտեմ, բայց մենք բոլորս կանգնած ենք մեր զորավարի թիկունքին ու սպասում ենք նրա հրամանին:
ԵԿՄ Թումանյանի տ/բ նախագահ Կարո Կիրակոսյան
-Մենք պատերազմ ենք հաղթել և պատերազմից հետո վայրահաչել պատերազմի հերոսի հասցեին, դա միայն ու միայն ազգի թշնամու պատվերով կլինի: Քանի դեռ ուշ չէ՝ խելքի եկեք: Այս պատերազմի համար կյանքը ազգի զոհասեղանին դրած ազատամարտիկներս, միասնաբար կարող ենք հասնել սոցիալական հավասարության: Չխառնվենք քաղաքական վայ գործիչների կործանարար կոչերին: Միասնական հաղթել ենք Արցախյան պատերազմում, միասնական էլ նպաստենք մեր ազգի զարգացման գործին:
ԵԿՄ Ստեփանավանի տ/բ նախագահ Արմեն Ավագյան
-Ես չեմ կարծում, որ Ծաղիկ Ռուբոն այն մարդն է, որ իրավունք ու վաստակ ունի գնահատելու Արցախի հերոսին, իսկ թե ում պատվերն է կատարում, արդեն պարզ է: