Զգուշություն չարի հարձակումներից
Եվ այս բոլորի վրա առե՛ք հավատի վահանը, որով պիտի կարողանաք հանգցնել չարի բոլոր մխացող նետերը: Եվ առե՛ք փրկության սաղավարտն ու Հոգու սու սերը, որ է Աստծու խոսքը (Եփես. Զ 10)։
Երբ ցանկանում ես ընթերցել, զգո՛ւյշ եղիր, որ թշնամին չխանգարի քեզ` վհատության մեջ գցելով կամ մտացրություն առաջացնելով կամ էլ ասելով. «Նախ այս կամ այն գործն արա, որովհետև չնչին բան է, իսկ հետո հանգիստ խղճով կկարդաս…»: Մի՛ հավատա նրան, այլ նմանվի՛ր ծարավ եղջերուին, որ փափագում է գալ ջրի ակունքների մոտ, այսինքն` դարձի՛ր դեպի աստվածային Գրքերը, ուր և կհագեցնես կրքերից տոչորվող ծարավդ (ս. Եփրեմ Ասորի):
Ամո՛ւր փակիր դուռը և սկսի՛ր ընթերցել Սուրբ Գիրքը: Բայց անգիտաբար մի՛ կարդա, որ զուր չչարչարվես` նմանվելով սանդի փայտի, որով ցորեն են ծեծում, ինչը թեև բյուր անգամ մտնում ու ելնում է սանդի մեջ, բայց ցորենի ոչ մի հատիկ նրան չի կպչում. թափուր մտնում ու թափուր դուրս է գալիս:
Բնավ հոգ մի՛ տար Գիրքը վարժ կարդալու մասին, որ շուտ վերջացնես գործդ: Եղբա՛յր, առանց տարակուսելու իմացի՛ր, որ սա դևից է. նա չի կամենում հոգուդ լուսավորումը սուրբգրային բարի իմաստներով, որ իմաստնանալով` ճանաչես իր չարությունը և գիտությամբ ու առաքինությամբ դյուրությամբ հալածես իրեն քեզնից: Որովհետև ինչպես առյուծն է սարսափելի բոլոր կենդանիների համար, այդպես էլ Աստվածաշնչի գիտությամբ զարդարված առաքինի հոգին` դևերի համար:
Իսկ նա, ով անսում է դևին, աճապարանքով կարդալով` ջանում է բովանդակ Գիրքը վերջացնել, նման է կարկտաբեր և հեղեղաբեր անձրևի, որից օգուտ չկա հողին, բացի մեծ վնասներից: Նույնպես և արագ ընթերցելն է անօգուտ և վնասակար հոգու համար:
Այլ դու մեղմ անձրևի նման հանդարտորե՛ն կարդա` ուշադրություն դարձնելով յուրաքանչյուր բառի, քննի՛ր նրա մեջ պարփակված իմաստը, քանզի սա է հաճելի Աստծուն և օգտակար՝ հոգուդ: Շատ օրեր քիչ խոսքերի վրա աշխատելն է օգտավետ, քան բազում էջեր մի օրում ընթերցելը, որն ապարդյուն աշխատանք է:
Եվս մի բան. սնափառության դևը հափշտակում է վարժ ընթերցողների միտքը. ընթերցողը, անփորձ լինելով, չի գիտակցում, որ իր մեջ առաջացած ուրախությունը դևից է, որը մղում է նրան մարդկանց առջև պարծենալ, թե այս Գիրքն այսքան օրում է կարդացել-վերջացրել: Պարծենալու դրդած նույն դևը միաժամանակ առաջացնում է լսողների զարմանքը և փութով գովեստի մղում նրանց, որ ընթերցողն առավել ուրախանա իր անմիտ գործով և, սովորություն ձեռք բերելով, ամեն օր այդպես ընթերցի ու գովասանքի արժանանա: Նաև ա՛յս իմացիր, որ դևը այդպես կարդացողին երկակի վնաս է պատճառում. քանի որ հոգին զրկվում է իմաստների ճաշակումից և վարձքից, որը պիտի ստանար Աստծուց իր աշխատանքի համար, քանզի խոսեց այդ մասին և գովեստի արժանացավ: Բայց դու, եղբա՛յր, ընթերցի՛ր, ինչպես հարկ է և օգտակար (Գրիգոր վարդապետ):
Հոգիդ միշտ և հանապազ վարժի՛ր ըստ կարելվույն խորհրդածել սրբազան գրքերի շուրջ, իսկ խորհրդածությունից հետո ջերմեռանդորեն լացի՛ր ու աղոթի՛ր: Եվ եթե հարատևես
այդպիսի մտայնության մեջ, որ ասես անդադրում պաշտամունք կատարելիս լինես, ապա դևերը սրտումդ տեղ չեն գտնի քեզ չար խորհուրդներ ներշնչելու համար (ս. Ամմոն):
Աստվածային գիտությունը պետք է մշտապես լսել և ուսանել, մտապահել ու խոկալ, որպեսզի դիվական խորհուրդներ չմտնեն մեր մեջ: Ինչպես ջրով լի ամանն այլ բան չի ընդունում իր մեջ, այնպես էլ բարի խոկում ունեցող միտքը չի ընդունում սատանայի չար խորհուրդը (ս. Գր. Տաթևացի):
Գրիգոր Դարբինյան
«Ինչպես կարդալ Աստվածաշունչը» գրքից
surbzoravor.am