ՔՊ-ն գենետիկորեն ատում է բանակը. Նիկոլ Փաշինյանը կուլ չի տալիս Գրիգորի Խաչատուրովի հայտնի ստորագրությունը. Գեղամ Մանուկյան
![](https://henaran.am/wp-content/uploads/2023/02/F7AF5FA3-FD9A-4BA1-BCF1-31020462B7FA.png)
Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի գնահատմամբ՝ Գրիգորի Խաչատուրովի ձերբակալությունը 2018 թվականից մեկնարկած Հայաստանի զինված ուժերի ու բանակի դեմ հարձակումների, քաղաքական հետապնդումների տրամաբանության մեջ է:
Նրա խոսքով՝ իշխանությունը սեփական հանցանքներն ու մեղքերը քողարկելու համար փորձում է թիրախավորել հանրության համար հարգելի անձանց՝ նախկին զինվորականների, տարբեր գործիչների:
Խորքային պատճառ կա: ՔՊ-ն գենետիկորեն ատում է բանակը: Այս քաղաքական ուժի շատ ներկայացուցիչներ իշխանության գալուց առաջ էլ տարիներ շարունակ պայքարել են բանակի դեմ: Այսօր մեր երկիրը անվտանգության խնդիր ունի, որովհետև Անվտանգության խորհրդի քարտուղարը բանակի դեմ տարբեր ձևերով տարիներ շարունակ պայքար մղած անձ է: ԱԺ-ում բազմել են շատերը, որոնք տարիներ շարունակ բանակի դեմ են պայքարել, ծաղրել են ազգ-բանակ գաղափարը, հայրենասիրությունը, ազգային գաղափարախոսության գաղափարը», – լրագրողների հետ զրույցում հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:
Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանն է Գրիգորի Խաչատուրովին գեներալի կոչում շնորհել, ի՞նչ պատահեց, որ հիմա նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ Մանուկյանն արձագանքեց. «Սրանց համար երկրի կառավարումը գործնագործ խաղալ է, ռեզին խաղալ է, իրենց պատկերացումը սա է, որովհետև նույնիսկ զինվորական կոչում շնորհելը, որ վերապահված է ՀՀ նախագահին, Նիկոլ Փաշինյանը շտապում էր ստատուս գրել, որից հետո լինում էր նախագահի հրամանագիրը: Ինչ վերաբերում է «Մարտական խաչ» շնորհելուն, դա առանձին պատմություն է: Ի վերջո, եղել են տավուշյան գործողությունները, որի համար մարդիկ պետք է պարգևատրվեին»:
«Հայաստան» խմբակցության պատգամավորի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը կուլ չի տալիս Գրիգորի Խաչատուրովի հայտնի ստորագրությունը, կուլ չի տալիս հստակ դիրքորոշումն ու կեցվածքները, նաև՝ Խաչատուրով ընտանիքի քաղաքական կեցվածքը:
«Փոքրոգի մարդկանց բնորոշ հատկանիշ է, որ կանգ չեն առնում որևէ կարմիր գծի առաջ ու կարող են ոտնատակ տալ ամեն ինչ», – հավելեց նա:
Նշենք, որ Հակակառուպցիոն դատարանում քննվում է գեներալ Խաչատուրովին կալանավորելու հարցը:
Հիշեցնենք՝ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացում) հատկանիշներով: Նրան մեղադրանք է ներկայացվել, քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին:
Նկատենք, որ, ըստ դատախազության, գործարքի առարկան չգործող զորամասի տարածքն է, որը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի պաշտոնավարման տարիներին, իբր, վաճառվել է Գրիգորի Խաչատուրովին, ինչը ձեւակերպվել է երրորդ անձի անվամբ։