23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Տնտեսական անվտանգության անհաղթահարելի սպառնալիքների առաջ ենք․ Փաստ

Արցախի ու Հայաստանի Հանրապետությունների և՛ տնտեսական, և՛ անվտանգային, և՛ սոցիալական համակարգերը փոխսերտաճած են, ինչը մեկ օրվա արդյունք չէ: «Փաստի» հետ զրույցում, անդրադառնալով Արցախի շրջափակման տնտեսական հնարավոր հետևանքներին, այս մասին նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:

«30 տարի սերտ ինտեգրմամբ մեկ տնտեսական տարածքի մոդել է զարգացել, և, բնականաբար, այն անվտանգային ու տնտեսական խնդիրները, որոնք առաջանում են Արցախում, ուղղակիորեն իրենց հետևանքներն են թողնում, արդեն թողել են ու թողնելու են նաև ՀՀ տնտեսական համակարգի վրա: Խոսքը տնտեսական անվտանգության լուրջ սպառնալիքների մասին է: Զավթող երկիրը, բացի ռազմական գործողություններից, անվտանգային սպառնալիքներից, ոտնձգություններից թե՛ ԱՀ, թե՛ ՀՀ ուղղությամբ, նաև տնտեսական սպառնալիքներ է առաջացրել: Տնտեսական անվտանգության տեսանկյունից արդեն իսկ անհաղթահարելի սպառնալիքների առաջ ենք: Դրանք հղի են բոլոր տեսակի բացասական հետևանքներով. օրինակ է ներդրումային ռիսկերի բարձրացումը, սոցիալական հետևանքները, որովհետև Արցախի հանքերը թշնամին ինքնանպատակ չի թիրախավորել: Իրենք շատ լավ գիտեն, որ թիրախավորում են Արցախի տնտեսական համակարգի այն առանցքը, որով այսօր գոյատևում է Արցախի տնտեսությունը»,-ասաց Թ. Ավետիսյանը՝ շեշտելով, որ հազարավոր մարդիկ հենց այդ հանքերում են աշխատում, և իրենց եկամտի միակ աղբյուրը այդ աշխատանքի վարձատրությունն է:

«Արցախի պետական բյուջեն հիմնականում այդ հանքերից է գոյանում: Սա շատ լավ հասկանալով են թիրախավորել Արցախի տնտեսական համակարգի հիմնասյունը: Նույն գործելաոճով նրանք հարվածում են նաև ՀՀ տնտեսական համակարգին: ՀՀ սուվերեն տարածքի զավթումը, սահմաններին ամենօրյա անհանգստությունները շատ չափելի տնտեսական անվտանգության լրացուցիչ ռիսկեր են, ու հատկապես այն տարածքներում, որտեղ տնտեսական կայուն զարգացման ավելի մեծ խնդիրներ ունենք: Խոսքը Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի մասին է, հատկապես այն սահմանամերձ բնակավայրերի, որտեղ առանց այն էլ աղքատության բարձր մակարդակ, տնտեսական զարգացման լրացուցիչ դժվարություններ կային: Հիմա նման վարքածով ոչ միայն անվտանգային ռիսկեր, գոյատևման սպառնալիքներ են առաջացնում, այլև տնտեսական անվտանգության լրջագույն խնդիրներ»,-շեշտեց Թադևոս Ավետիսյանը՝ հավելելով, որ այդ խնդիրներն ուղիղ հետևանքներ են թողնում ԱՀ և ՀՀ տնտեսության կայուն զարգացման վրա:

«Մինչդեռ ՀՀ օրվա իշխանությունները, իրենցից անկախ ձևավորված տնտեսական ակտիվությունից ոգևորված, փորձում են «տոնածառային» խաբկանքներով թմրեցնել հայ մարդուն, պատկերավոր ասած, կտորկտոր կտրելով մեր անվտանգությունը, մեր կայուն գոյատևման հնարավորությունները և հանձնելով թշնամուն»,-ընդգծեց նա:

Մեր զրուցակցի խոսքով, այսօր Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունները շարունակում են իրենց ցեղասպան գործողությունները: «Այս փուլում գործադրում են ձեռքի տակ եղած «փափուկ ուժի» ողջ գործիքակազմը: Ամենատարբեր պատրվակներով ճնշումներ են գործադրում Արցախի Հանրապետության բնակչության նկատմամբ՝ հոգեբանականից մինչև հումանիտար: Իրենք այդ ամենը ծրագրավորված ժամանակացույցով են իրականացնում և հետևողականորեն իրենց ցեղասպան նպատակն են առաջ մղում: Որոշ մարդիկ, այդ թվում՝ ՀՀ իշխանությունները, մեկուկես տարի առաջ ոգևորված խոսում էին տարածաշրջանում տնտեսական կապերի զարգացման, տնտեսական ինտեգրման մասին: Մեր հետագա զարգացումը մեզ ցեղասպանության ենթարկող պետությունների հետ տնտեսական ինտեգրման մեջ էին տեսնում: Ասում էինք, որ դա սին, կեղծ նպատակադրում է: Բայց դեռ այդ ժամանակ մեր կողմից կանխատեսվող ռիսկերն այսօր իրականություն են դառնում: Այսինքն, երբ թշնամին մխրճվում է մեր տարածաշրջան, սկզբից փորձում տնտեսական դոմինանտություն և ներգրավվածություն ապահովել, միակ նպատակը ոչ թե տնտեսական շահը, այլ հետագա այնպիսի գործողություններն են, որոնցով կկարողանան պարտադրել իրենց հեռահար աշխարհաքաղաքական նպատակները»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ հիմա հենց այդ գործընթացին ենք ականատես լինում:

Նա շեշտեց, որ ամբողջ աշխարհի աչքի առաջ Ադրբեջանն այսօր 120 հազար մարդու աքցանի մեջ է վերցրել ու պարզ ցույց է տալիս, որ պատրաստվում է ամեն գնով այդ մարդկանց դուրս բերել իրենց բնօրրանից: «Այնպիսի պայմաններ են փորձում ստեղծել, որ հայրենիքում ապրելն անհնարին դառնա: Ադրբեջանի քայլերը կանխատեսելի են, հետագա քայլերը՝ ևս: Բայց հարց է, թե ի՞նչ են անում ՀՀ իշխանությունները: Այն իշխանությունները, որոնք իրենց կառավարության ծրագրում գրել են նման ռիսկերը բացառելու ամբողջական նպատակադրման, Արցախը զարգացնելու մասին: Մինչդեռ այդ ռիսկերի իրացումն իր ամենավատ սցենարով այսօր արդեն ունենք: Իսկ իշխանություններն այսօր մեղադրում են միջազգային դերակատարներին, խաղաղապահ առաքելությանը, ընդդիմությանը: Բացի իրենցից, բոլորին մեղադրում են: Այս իրականության մեջ իշխանությունների նման պասիվությունն ու կրավորական կեցվածքն ամենավտանգավորն է և հղի է ամենաանցանկալի ելքերով»,-եզրափակեց Թ. Ավետիսյանը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ