Կառավարությունը մեկնարկում է գյուղատնտեսության աջակցության ծրագիրը
Պետության կողմից գյուղացիական տնտեսություններին տրամադրվող աջակցության ծրագրերը կշարունակվեն նաեւ այս տարի։ Նախատեսվում է մատչելի գներով ինչպես սերմացուի, այնպես էլ դիզելային վառելանյութի եւ պարարտանյութերի մատակարարում։ Այդ առումով կառավարության այսօր կայացած նիստում ընդունվեցին մի շարք որոշումներ։ Ըստ այդմ, գործադիրը ստանձնեց գյուղատնտեսությանը տրամադրվող վառելանյութի, պարարտանյութերի եւ սերմերի գնային տարբերությունը մարելու պարտավորություն։
Կառավարությունը մտադիր է գյուղացիական տնտեսություններին դիզելային վառելանյութ մատակարարել լիտրի հաշվով 350 դրամով, ինչն անհամեմատ էժան է ներկայումս շուկայում գործող գներից։ Նշենք, որ այսօր դիզելի մանրածախ գինը լցակայաններում 450 դրամ է։
Այս քայլով կառավարությունը պատրաստվում է լիտրի հաշվով ստանձնել 100 դրամի վճարման պարտավորություն։ Սա առկա տնտեսական դժվարությունների պայմաններում բավական լուրջ աջակցությունն է գյուղացիական տնտեսությունների համար։ Կառավարության սուբսիդավորման շրջանակներում գյուղացիները կարող են ստանալ հեկտարի հաշվով 200-ից ընդհուպ մինչեւ 600 լիտր վառելանյութ։
Ընդհանուր առմամբ գյուղացիական տնտեսություններին այս տարի նախատեսվում է տրամադրել ավելի քան 14,3 մլն լիտր դիզվառելիք։
Կառավարության աջակցության ծրագրերը սակայն չեն սահմանափակվի միայն դրանով։ Այն կլինի շատ ավելի համալիր։
Հողօգտագործողները մատչելի գներով կստանան ազոտական, ֆոսֆորական, ինչպես նաեւ կալիումական պարարտանյութեր։ Ազոտական պարարտանյութի 50 կիլիոգրամանոց պարկը կարժենա 6 հազար դրամ։ Նույն քաշի ֆոսֆորական եւ կալիումական պարտատնյութերը գյուղացիական տնտեսություններին կտրամադրվեն 7 հազար դրամով։
Մեկ այլ ծրագրի շրջանակներում մատչելի գներով հողօգտագործներին կտրամադրվի սերմացու։ Այն ձեռք կբերվի ինչպես դրսից, մասնավորապես Ռուսաստանից, այնպես էլ ներքին շուկայից։ Ընդհանուր առմամբ կհատկացվի 667,8 մլն դրամ, որից 654,8 միլիոնը արտաքին շուկաներից սերմացուի ներկրման նպատակով։ Գումարի շրջանակներում ակնկալվում է ձեռք բերել գարնանացանի համար անհրաժեշտ գարու, եգիպտացորենի, առվույտի եւ կորնգանի սերմացու։
Վ.ՔՈՉԱՐՅԱՆ