Հայկական կողմը խաղաղության պայմանագրի տեքստի խմբագրված տարբերակը շուտով կփոխանցի Ադրբեջանին. Արմեն Գրիգորյան
Հայաստանը շարունակում է աշխատել խաղաղության պայմանագրի շուրջ, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Մենք շարունակում ենք աշխատել, փորձել, որպեսզի տեքստը, որը ստացել ենք ադրբեջանական կողմից, մեր նկատառումներով վերադարձնենք ադրբեջանական կողմին ու մոտակա շրջանում հանդիպում կազմակերպել, կտեսնենք՝ ինչպես են աշխատանքներն ընթանում», – ասաց նա:
Գրիգորյանը նշեց, թե Հայաստանը կներդնի իր ջանքերը, որ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիրը լինի:
«Հիմա, ավելի մոտիկ լինելով տարեվերջին, դժվար է ասել, որ մնչև տարեվերջ կստացվի, բայց մենք շարունակելու ենք աշխատել ու աշխատանքի արդյունքներից է կախված լինելու», – ասաց նա:
Գրիգորյանը նշեց, որ հայկական կողմը տեքստի խմբագրված տարբերակը շուտով կփոխանցի Ադրբեջանին:
Թե ինչու չի ստացվում խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ ՀՀ ԱԽ քարտուղարն ասաց, որ այս մասով Հայաստանն իր ամբողջ ջանքերը ներդրել է, որ հնարավորինս արագ հասնեն խաղաղության պայմանագրի ստորագրմանը: