Մանդատս վայր չեմ դնելու. ՀՅԴ-ում որոշում կա. Իշխան Սաղաթելյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը պատգամավորական մանդատը վայր չի դնի. ՀՅԴ-ն է այդպես որոշել։
«Հայ Յեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմինը որոշում է ընդունել, որ ԱԺ «Հայաստան» դաշինքի բոլոր դաշնակցական պատգամավորները՝ այդ թվում և Իշխան Սաղաթելյանը, մանդատները վայր չեն դնելու», – խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Իշխան Սաղաթելյանը։
«Չեմ թաքցնի՝ այո՛, նման քննարկումներ եղել են, բայց ՀՅԴ-ի ներսում անհատական մոտեցումներ չկան, եղել է որոշում, որ բոլոր պատգամավորները մասնակցելու են խորհրդարանական աշխատանքներին ու վայր չեն դնելու մանդատները, հետևաբար, ես իմ մանդատը վայր չեմ դնելու, եթե մենք դնեինք՝ դնելու էինք բոլորս, եթե որոշում ենք, որ մասնակցում ենք՝ մասնակցելու ենք բոլորս», – նշեց նա։
Ինչ վերաբերվում է «Վերածնվող Հայաստան» կուսակցության որոշմանը՝ վայր դնել մանդատներն ու դադարեցնել խորհրդարանական աշխատանքները, Սաղաթելյանը հրաժարվեց մեկնաբանել գործընկերների որոշումը։