22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ներքին «թիմեր», ոչ խաղաղ «արշալույսներ»…. «Փաստ»

Վերջերս տեղի ունեցավ ՔՊ-ի համաժողովը, որի ընթացքում ընտրվեց վարչության նոր կազմ, որն էլ իր հերթին ընտրեց վարչության նախագահ: Կուսակցության վարչության նախագահ ընտրվեց Նիկոլ Փաշինյանը։ Արտաքուստ այստեղ արտառոց ոչինչ չկա, ՔՊ-ն ինքն իրենով կարելի է անվանել «Նիկոլ Փաշինյան» կուսակցություն, և, ուրեմն, զարմանալի չէ, որ հենց նա էլ դարձավ կուսակցության պաշտոնապես ղեկավար: Բայց… Դեռևս երկու տարի առաջ Փաշինյանը հայտարարում էր, թե ՔՊ-ի ստեղծման օրից ինքը ոչ մի անգամ կուսակցության վարչության նախագահի թեկնածու չի եղել և հույս ունի, որ չի էլ լինի, քանի որ հակակշիռների և փոխզսպումների ճիշտ մեխանիզմը դա է, և իրենց կուսակցության մեջ տասնյակ մարդիկ կան, ովքեր կարող են այդ կարգավիճակն զբաղեցնել։

Այս անգամ էլ մամուլում տեղեկություններ էին տարածվում, թե ՔՊ վարչության նախագահի պաշտոնի համար հավակնություն է ներկայացրել Տիգրան Ավինյանը, քանի որ Փաշինյանը հայտարարել էր, թե նախագահ դառնալու հավակնություն չունի, իսկ գործող նախագահ Պապիկյանը չէր կարող վերընտրվել, որովհետև, ըստ կանոնադրության, կուսակցության վարչության նախագահի պաշտոնը ռոտացիոն է։ Այսինքն, այն քպականները, ովքեր եղել են վարչության նախագահ, այլևս չեն կարող զբաղեցնել այդ պաշտոնը, իսկ վարչության նախագահ հասցրել են լինել Սուրեն Պապիկյանը, Սասուն Միքայել յանը, Արայիկ Հարությունյանը։ Թերևս նորություն չէ, որ ՔՊ-ն, որը դասական առումով հեռու է կուսակցություն լինելուց, քանի որ զուրկ է գաղափարական հիմքերից ու «իզմ»-երից, այդպես էլ մնաց որպես ընդամենը մեկ անձի շուրջ ձևավորված քաղաքական կառույց։ Այսինքն, ինստիտուցիոնալ առումով քաղաքական միավոր այդպես էլ չի դարձել։

Նորից վերադառնալով սկզբում նշված «արտաքուստ ոչ արտառոց» թեմային՝ փորձենք հասկանալ, թե Փաշինյանի ինչի՞ն էր պետք դառնալ կուսակցության վարչության նախագահ, ինչը, ըստ որոշ տեղեկությունների, անակնկալ է եղել անգամ նրա կուսակիցների համար։ Ըստ ամենայնի, նման որոշում կայացնելու համար նա չափազանց խորքային պատճառներ է ունեցել։ Ի մասնավորի, կա տեսակետ, թե Փաշինյանի որոշումը կապված է նրա հետ, որ նա կուսակցության ներսում կասկածամտության դիրքերից է հանդես գալիս և գրեթե ոչ մեկին չի վստահում. թերևս դրա համար պատճառներ կան։ Դրան գումարվում է նաև այն իրողությունը, որ, ինչպես Փաշինյանին ճանաչողներն են նշում, նա միշտ էլ վստահող չի եղել, իրական ընկերներ չի ունեցել և չունի։ Եվ իր իսկ նշած կուսակցության հակակշիռների մեխանիզմները խախտելը հենց այդ վախերի, կասկածների արդյունքն է:

ՔՊ-ի վարչության նախագահի պաշտոնում ընտրվելու հավանական պատճառներից մյուսն ուղղակիորեն փոխկապակցված է առաջինի հետ: Փաշինյանի իշխանության դիրքերը խախուտ են, մի փոքր էլ ցնցում, և այն կարող է շատ արագ փլուզվել։ Ավելին, նույնիսկ կուսակցության ներսում են հասկանում, որ, ի վերջո, այսպիսի պայմաններում Փաշինյանը չի կարող երկար պաշտոնավարել։ Ուստի նրա հեռացումից հետո փոփոխության առաջին փուլի համար առաջ է գալիս «այլընտրանք» ունենալու պահը։ Տևական ժամանակ է՝ տեղեկություններ են շրջանառվում, որ Փաշինյանին փոխարինողի համար հավակնություններ ունեն և պայքարում են Խաչատուր Սուքիասյանը, Սուրեն Պապիկյանը և Տիգրան Ավինյանը։ Հնարավոր է՝ այլ թեկնածուներ ևս կան, սակայն դեռևս շատ «առաջ չեն գալիս»:

Կարծիք կա, որ Սուքիասյանն ի սկզբանե խաղից դուրս վիճակում է, քանի որ, ինչքան էլ փորձի հանդես գալ որպես քաղաքական գործիչ, միևնույնն է, հանրային շրջանակների կողմից նա ընկալվում է որպես օլիգարխիկ շրջանակների ներկայացուցիչ։ Փաստացի քպական «դաշտում» մնում են երկուսը՝ Պապիկյանը և Ավինյանը։ Ճիշտ է, նրանք իշխանության մեջ գտնվելու և բարձր պաշտոններ զբաղեցնելու ընթացքում հասցրել են որոշակի ռեսուրսներ կուտակել, այդ թվում՝ ֆինանական, բայց, հանուն արդարության, գոնե առայժմ դասական իմաստով օլիգարխ չեն համարվում։ Բացի դրանից, ո՛չ Պապիկյանը, ո՛չ էլ Ավինյանը պարտության և կապիտուլ յացիայի հետ ուղիղ առնչություն չեն ունեցել իրենց կարգավիճակից ելնելով։ Ուստի, պատահական չեն այն քննարկումները, թե իշխանության ժառանգորդի համար հիմնական պայքարը նրանց միջև է ընթանալու։

Բնականաբար, Փաշինյանն ամեն ինչ անելու է իր իշխանությունը երկարաձգելու համար: Դա անվերապահ է: Չէ՞ որ հենց ինքն էր հայտարարում, թե կա՛մ ինքը կդառնա վարչապետ, կա՛մ էլ Հայաստանը վարչապետ չի ունենա։ Սակայն դա հնարավոր չլինելու դեպքում փորձելու է պահել իր ազդեցությունը, այդ իսկ պատճառով հիմա արդեն նա ամեն ինչ անելու է վարչապետի պաշտոնի հնարավոր հավակնորդներին թուլացնելու համար։ Հնարավոր է՝ առաջիկայում տեսնենք նաև Պապիկյանի և Ավինյանի դեմ ուղղված սև քարոզչության ուժգնացում։ Կան տեղեկություններ, որ Պապիկյանը նույնիսկ կարող է ազատվել պաշտոնից: Մի խոսքով, 2018 թվականին ինչ-ինչ գործոններով պայմանավորված իշխանություն ստացած ուժի ներսում, ինչպես ասում են, արշալույսները խաղաղ չեն: Ի հավելումն վերը նշվածի, կան տեղեկություններ, որ բավականին հետաքրքիր խմբավորումներ ու թիմեր են ձևավորվում, ընդ որում՝ ոչ միայն «պապիկյանական», «ավինյանական» կամ, ասենք, «սորոսական»…

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ