07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հիմա զգաստ կանգնելու ժամանակն է. Հրանտ Մարգարյան

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 5-րդ նիստում ելույթով հանդես է եկել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

Ներկայացնում ենք ելույթը՝

Մեծարգո նախագահներ Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների, Վեհափառ հայրապետներ, հոգևոր հայրեր, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ Մենք դրական ենք գնահատում պատրաստված հռչակագիրը և մեր համաձայնությունն ենք տալիս նրա բովանդակությանը: Ինչպես հանձնաժողովի նախորդ նիստին ասել էինք՝ հաշվի առնելով ժողովի պատկառելի ներկայացվածությունը, հռչակագիրը կարող է խոսել համայն հայ ժողովրդի անունից և ձևակերպել հստակ և համահայկական տարողության հիմնահարցեր: Մեր գնահատումով՝ հռչակագրի ներկա, վերջնական բովանդակությամբ դա իրագործվել է: Հռչակագիրը տալիս է մեր հանձնաժողովի «Հիշում եմ և պահանջում» կարգախոսի ամբողջական բացատրությունը, ինչն էլ հանդիսանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի քաղաքական համատեքստը: Մնում է մենք բոլորս, պետական հանձնաժողովը՝ որպես այդպիսին և հանձնաժողովի յուրաքանչյուր անդամը՝ որպես հայ ժողովրդի այս կամ այն հատվածի ներկայացուցիչներ, համակարգված ծրագրով և համադրված ճիգերով կյանք տանք այդ քաղաքականությանը:

Մենք աշխատանք ենք տարել ներազգային ճակատում հատուցման հարցով տեսակետների բյուրեղացման և միջազգային իրավունքի ու նորմերին համաձայն թղթածրարի պատրաստման ուղղությամբ: Պատվիրել ու արդեն հրապարակել ենք Հայոց ցեղասպանության հատուցումների ուսումնասիրման խմբի վերջնական զեկույցը՝ «Արդարացի լուծում – հատուցումներ Հայոց ցեղասպանության դիմաց«: Զեկույցում ներկայացված է 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանության հատուցումների հարցի իրավական, պատմական, քաղաքական և բարոյական կողմերին առնչվող աննախադեպ համապարփակ վերլուծությունը: Զեկույցում ներառված են նաև հատուցումների լիակատար փաթեթի բաղադրիչների վերաբերյալ կոնկրետ առաջարկություններ: Կարևորում ենք նաև ուրիշների կողմից այս ուղղությամբ տարվող աշխատանքները: Ասել ենք արդեն, որ այս ուղղությամբ կարևոր նախաձեռնություն էր ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի գլխավորած հայ իրավաբանների խորհրդաժողովի որոշումը՝ ստեղծելու հատուկ հանձնախումբ՝ Հայոց ցեղասպանության հիմնախնդիրների իրավական թղթածրարն ամբողջականացնելու նպատակով: Այսօր լսելու ենք այդ աշխատանքների մասին զեկույց:

Մենք կրկնում ենք 2012 թվականի սեպտեմբերին, հանձնաժողովի երկրորդ նիստին մեր ներկայացրած առաջարկը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախաձեռնությամբ հիմնադրել հատուկ կենտրոն, որը պետք է իր ավարտին հասցնի միջազգային իրավունքի և նորմերին համաձայն Հայոց ցեղասպանության հատուցման և հայ ժողովրդի ու Հայաստանի իրավունքների ձեռքբերման հարցով ամբողջական թղթածրարի պատրաստումը և մշակի այն իրականացնելու համար ճանապարհային քարտեզ:

Մեր այս առաջարկի մասին կարելի է մանրամասն քննարկել Ձեր սկզբունքային համաձայնության դեպքում: Չի կարելի չանդրադառնալ Թուրքիայի իշխանությւնների արդեն լկտի պահվածքին, այն է՝ Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակը ապրիլի 24-ին նշելու և այդ առթիվ 102 պետությունների ղեկավարներին հրավիրելու քայլին: Թուրքիայի այս քայլին համարժեք պատասխանը կլինի Հայ-թուրքական արձանագրություններից Հայաստանի ստորագրության հետ վերցնելը:

Հարգելի ներկաներ, այսօրվա իմ խոսքում կուզեի անդրադառնալ մի կարևոր հարցի ևս: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը պետք է առիթ հանդիսանա ոչ միայն ճշմարտությունը աշխարհին հասցնելու, այլև մեկ այլ կարևորության ճշմարտություն ինքներս գիտակցելու համար. որ միայն ներազգային համախմբումը կարող է ճանապարհ բացել մեր նպատակների իրականացման առջև: Առանձին-առանձին խմբավորված, մասնատված ու ծվատված մենք ոչնչի չենք կարող հասնել:

Մեզ առավել քան անհրաժեշտ է ներազգային համախմբում հատկապես իրադարձությունների ներկա փուլում, երբ մեզ հանդեպ ցեղասպանություն իրականացնողի կրտսեր եղբայրը նորից մեզ պատերազմ է պարտադրում: Իրեն բնորոշ ճղճիմ ու ողորմելի դավադրություններով Ադրբեջանը փորձում է շեղել աշխարհի ու իր հասարակության ուշադրությունը իր ներքին խնդիրներից և ինչու չէ՝ հենց ցեղասպանության 100-րդ տարելիցից: Թե որքանով է դա նրան հաջողվում, այլ հարց է, բայց կարևորն այն է, որ Ադրբեջանի այդ թշվառ կեցվածքի պատճառով մենք պարբերաբար զինվորներ ենք կորցնում: Այո, մեր զինվորները տալիս են իրենց կյանքը՝ պաշտպանելու համար մեր հայրենիքը: Իսկ ի՞նչ ենք անում մենք այստեղ: Ազգի համար այս ճակատագրական պահին ինչո՞վ ենք զբաղված: Ո՞ւր են մեզ տանելու ինքնանպատակ բախում-պայքարները, որոնք առճակատման, ներքին պառակտման վերաճելու ներուժ են պարունակում իրենց մեջ։ Երբեք դրա ժամանակը չէ, բայց առավել ևս դրա ժամանակը չէ հիմա: Հիմա զգաստ կանգնելու ժամանակն է:

Այսօր մենք պետք է ամենուր դատապարտենք Ադրբեջանին։ Պետք է միջազգային համայնքին ասենք, որ Ադրբեջանը փաստացի սկսել է պատերազմ, մաշեցնող պատերազմ՝ Հայաստանի ու Արցախի դեմ։ Հատկապես համանախագահող պետություններից պետք է պահանջենք սաստել Ադրբեջանին, որպեսզի դադարեցնի իր կամայականությունները։ Բոլորս պարտավոր ենք բացառել ներքին առճակատումը, երբ այն՝ առճակատումը առկա է մեր սահմանի վրա և մեկ մարդու պես կանգնել պետության կողքին: Սակայն պետությունն էլ իր հերթին պարտավոր է հոգ տանել, որ այս բախտորոշ փուլում ժողովուրդն իրեն զգա ոչ միայն պաշտպանված արտաքին թշնամուց, այլև պաշտպանված ներքին ապօրինություններից, անարդարություններից ու կամայականություններից:

Երբ մենք միասնական ենք եղել, ունեցել ենք միմիայն հաղթանակներ: Նման միասնականության արդյունք է եղել նաև մեր վերջին հաղթանակը: Մենք սա ենք պարտավոր ասել մեր ժողովրդին: Ու մենք պարտավոր ենք ասել, որ այս պահից և այսուհետ մենք միահամուռ ենք ու հաստատակամ՝ արտաքին վտանգը հիմագրավելու հարցում, մեր ազգային իղձերն իրականացնելու խնդրում: Եվ պարտավոր ենք ասել այնպես, որ ժողովուրդը մեզ հավատա ու վստահի

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ