Սոցհարցումների արդյունքները լավը չեն Հայկ Մարությանի համար․ «Ժողովուրդ»
2023թ.-ին նախատեսված Երևանի ավագանու ընտրությունները խոստանում են բավականին թեժ լինել: Հայտի է, որ ընտրություններից առաջ գրեթե բոլոր քաղաքական ուժերը, ուժային կառույցները սկսում են սոցիալական հարցումներ անցկացնել, որպեսզի առավել իրական պատկերացում ունենան տիրող տրամադրությունների մասին: Մեր տեղեկություններով` Հայաստանում նման գործունեություն ծավալող ընկերություններից մեկին իջեցված պատվերի արդյունքները գրեթե պատրաստ են, ու նշմարվում են այս պահի առաջատարները: Մեզ փոխանցեցին, որ հարցաթերթիկների վրա եղել է թեկնածուների դաշտ, որոնց քաղաքացիները կցանկանային տեսնել Երևանի ավագանու ընտրություններում քաղաքապետի թեկնածու:
Առկա է եղել 11 անուններից բաղկացած ցուցակ, որոնցից մարդիկ պետք է ընտրեին երեք հոգու՝ ըստ վստահության աստիճանի, որտեղ 1-ին համարն ամենանախընտրելին է։ Չնայած արդյունքները դեռևս վերջնական ամփոփված չեն, բայց մեկ բան հստակ է. կարմիր գծի նման գնում է նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի վարկանիշի հետևողական անկումը: Ըստ սոցիոլոգներից մեկի` հատկապես Ավան, Նուբարաշեն, Արաբկիր և Մալաթիա-Սեբաստիա համայնքներում այս պահի դրությամբ Մարությանը նույնիսկ եռյակում չկա, իսկ թե որոնք են պատճառները, դեռևս հայտնի չէ:
Թերևս հիասթափությունն է մեծ նրանից, որ հեղափոխական ֆոնով մեծ հույսեր արթնացրեց, Նիկոլ Փաշինյանի անձնական քարոզով քաղաքապետ դարձավ, բայց նրա կառավարման ժամանակ ոչ միայն դրական տեղաշարժ չնշմարվեց
(հարցվածները դժվարացել են հիշել կոնկրետ բարեփոխում), այլև ակնհայտ դարձան նրա թիմի թույլ ու ոչ պրոֆեսիոնալ լինելու հետևանքները: Որոշակիորեն նշմարվում է նաև այն, որ գալիս է սերունդ, որը չի դիտել Հայկոյին հայտնի դարձրած «Կարգին հաղորդում»-ները, նրան տեսել է որպես անորակ սերիալի դերասան, քաղաքական թիմին երդում տված մեկը: Մեզ փոխանցեցին նաև, որ, ի տարբերություն 2018թ.-ի ընտրությունների, այս անգամ նշմարվում է հոգնածություն գեղեցիկ խոսքերի, սիրուն գովազդային հոլովակների ազդեցության տակ ընտրություն կատարելու մասով, ու մարդիկ հակված են հարց լուծող, գործից հասկացող լիդերի վստահել մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնը: Իսկ եթե այս տենդենցը պահպանվի, ապա Հայկը ոչ մի կերպ շանս չի ունենա հավաքելու նախկինում հավաքած ձայների գոնե 10%-ը»: