6 ամսում ևս 40.000 մարդ է լքել երկիրը․ 168․am
168․am-ը գրում է․ Մինչ Հայաստանի տնտեսությունը, ըստ պաշտոնական վիճակագրության, «հրաշքներ» է գործում, մարդիկ շարունակում են լքել երկիրը։ Թեև տրամաբանորեն հակառակը պիտի լիներ. եթե տնտեսությունը ծաղկում է, տասնյակ-հազարներով աշխատատեղեր են բացվում, աշխատողի խնդիր կա, ու աշխատավարձերը երկնիշ թվերով են աճում, իշխանություններն էլ պատրաստվում են խաղաղության դարաշրջան բացել, մարդիկ պիտի վերադառնային, և ոչ թե՝ գնային։ Բայց գնում են։
Այս տարվա առաջին կեսին երկրից շուրջ 40 հազարով ավելի շատ քաղաքացի է հեռացել, քան եկել է։
Թե ինչո՞ւ են նրանք գնացել, դժվար չէ ենթադրել. պատճառները շատ են։
Հավատ չկա ապագայի հետ կապված, ու դա է հիմնական պատճառներից մեկը, որ մարդիկ հեռանում են երկրից։ Հեռանում էին ոչ միայն պատերազմից անմիջապես հետո, այլև հիմա։ Հեռանում են ոչ միայն նրանք, ովքեր դեմ էին այս իշխանությունների վերարտադրությանը, այլև նրանք, ովքեր 2021թ. ընտրություններին ընտրեցին Նիկոլ Փաշինյանին ու իր թիմին։ Ընտրեցին ու հիմա հեռանում են՝ չտեսնելով իրենց ու իրենց երեխաների ապագան այս երկրում։ Փոխարենը՝ իրենց ընտրությամբ ծանր փորձության առաջ կանգնեցրին նրանց, ովքերը նախընտրում են մնալ ու ապրել Հայրենիքում։
Պատերազմից հետո Հայաստանից հեռացավ ու չվերադարձավ ավելի քան 73 հազար քաղաքացի։ Միայն անցած տարվա առաջին կեսին գնացողները 94 հազարով գերազանցել էին վերադարձողներին։ Հետո նրանց մի մասը վերադարձավ, բայց էլի տասնյակ-հազարների հասնող արտագաղթի ցուցանիշ ունեցանք։
Այս տարի էլ գնացողները շարունակում են գերազանցել եկողներին։ Այսինքն՝ էլի արտագաղթ ենք ունենալու։ Չնայած թվում է, թե այս տարի հակառակը պիտի լիներ, այնպես, ինչպես եղավ Քովիդի ժամանակ, երբ բազմաթիվ քաղաքացիներ ստիպված էին վերադառնալ Հայաստան։ Այն ժամանակ Քովիդն ու դրա հետևանքով առաջացած տեղափոխման սահմանափակումները նպաստեցին, որպեսզի երկրից արտագաղթ չլինի։ Բայց դա արհեստական կասեցում էր։ Հաջորդ տարի նոր տեմպով սկսեց երկիրը դատարկվել։
Այս տարի էլ ունենք գնացողների ու վերադարձողների բավական մեծ բացասական հաշվեկշիռ։ Թեև թվում էր, թե այդպես չպիտի լիներ՝ կապված մի շարք գործոնների և հատկապես՝ ռուս-ուկրաինական հակամարտության հետ։
Հակամարտության սկզբնական շրջանում մեծ թվով քաղաքացիներ վերադարձան Հայաստան։ Շատերը հետաձգեցին նաև արտագնա աշխատանքի մեկնելու մտադրությունները։ Բայց դատելով արտագաղթի տվյալներից, իրավիճակը դրանից շատ չի փոխվել։
Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանից մեկնողների և վերադարձողների տարբերությունը հասնում էր 8,1 հազարի։ Խոսքը բացառապես մեր քաղաքացիների մասին է։ Այդքանով ավելի շատ մարդ էր լքել երկիրը, քան վերադարձել էր։
Արդեն երկրորդ եռամսյակում գնացողների ու վերադարձողների տարբերությունն ավելի է խորացել։
Ապրիլ-մայիս-հունիս ամիսներին գնացել ու չի վերադարձել ևս 31,7 հազար Հայաստանի քաղաքացի. գրեթե 4 անգամ ավելի շատ, քան գնացել էր տարեսկզբի առաջին 3 ամիսներին։
Ընդհանուր առմամբ տարվա առաջին կեսին գնացողների ու վերադարձողների բացասական հաշվեկշիռը մոտենում է 40 հազարի. գնացել է՝ 505,9 հազար, եկել է 466 հազար քաղաքացի։
Հայտնի պատճառներով, սովորաբար տարվա երկրորդ եռամսյակում արտագաղթը Հայաստանից ակտիվանում է։ Մարդիկ ոչ միայն ընդմիշտ են գնում, այլև գնում են արտագնա աշխատանքի նպատակով։ Ռուս-ուկրաինական հակամարտության, կիրառվող համատարած պատժամիջոցների հետևանքով, երբ Ռուսաստանի տնտեսությունը հայտնվեց բավական լուրջ դժվարությունների առաջ, շատերը չմեկնեցին, բայց նույնիսկ այդ պարագայում ունենք մեկնողների ու վերադարձողների այսպիսի մեծ ճեղքվածք։
Գնացողների, մասնավորապես՝ արտագնա աշխատանքի նպատակով մեկնողների մի մասը, անշուշտ, տարեվերջին կվերադառնա։ Այնպես, ինչպես նախկինում է եղել։ Սակայն մի մասը էլի կմնա՝ համալրելով արտագաղթողների շարքերը։
Այսպես երկիրը մանրից դատարկվում է, իսկ իշխանությունների պետքը չէ։ Նրանք մտածում են միայն իրենց իշխանությունը երկարացնելու մասին։ Խաղաղության կեղծ օրակարգով ու ապագայի խոստումներով վերարտադրվեցին, և հիմա տեսնում ենք, թե ինչպիսին է նրանց բերած խաղաղությունն ու ապահով ապագան։ Պատերազմից հետո էլ, ինչպես ղարաբաղյան, այնպես էլ՝ հայաստանյան շփման գծում լարվածությունը պահպանվում է։ Չեն թուլանում ճնշումները։ Մշտապես հնչում են թշնամական ու ագրեսիվ հայտարարություններ, «Զանգեզուրի միջանցք» են ուզում, ընդհուպ՝ Սևանն ու Երևանն են համարում իրենց «պատմական» տարածքները։
Այսպիսի «խաղաղության» դարաշրջանում շատերը չեն տեսնում իրենց ապագան ու թողնում-հեռանում են։
Արտագաղթի հարցում, անշուշտ, մեծ է նաև սոցիալական գործոնի դերը։
Աղքատության մակարդակը մեր երկրում շատ բարձր է։ Վերջին 2 տարիներին էլ ավելի է բարձրացել՝ կապված հասարակության մի ստվար հատվածի ցածր եկամուտների ու բարձր գնաճի հետ։ Գնաճի տեմպերն անգամներով գերազանցում են բնակչության ճնշող մեծամասնության եկամուտների ավելացմանը։ Շատ-շատերի եկամուտները, նույնիսկ այսպիսի բարձր գնաճի պայմաններում, ընդհանրապես չեն փոխվել։
Բնակչության եկամուտները Հայաստանում ցածր են, ու ավելի լավ վաստակելու ակնկալիքով՝ մարդիկ ապրելու պայմաններ են փնտրում այլ երկրներում։
Թափուր աշխատատեղեր մեր երկրում գուցե կան ու միշտ եղել են, բայց դրանց վարձատրությունը շատ ցածր է։ Աշխատավարձերի այն բարձր աճերն էլ, որ կան, վերաբերում են ընդամենը մեկ-երկու ոլորտների, որտեղ սահմանափակ թվով մարդիկ են աշխատում։ Մնացածների դեպքում աշխատավարձերը չեն փոխվել կամ շատ քիչ են փոխվել։
Խոսվում է արձանագրվող տնտեսական բարձր աճերի մասին, բայց այդ աճերը, եթե նույնիսկ համարենք, որ կան, հասարակության գերակշռող մասին չեն հասնում։ Դրանք վայելում են ընտրյալներն ու իշխանություններին մոտ կանգնածները։ Մնացածը ստիպված է բավարարվել փշրանքներով։
Հարյուր-հազարներով պարգևավճարներ են բաժանում, իսկ այսպիսի հսկայական գնաճից հետո, թոշակներն ու նպաստները պատրաստվում են բարձրացնել ընդամենը մի քանի հազար դրամով։ Սա է այն սոցիալական արդարությունը, որը բերել է այս իշխանությունը։