Մեղադրյալը ամաչե՞ց աղջկա հայացքից. Առավոտ
Ըստ “Առավոտ”-ի, երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց 21-ամյա Մարի Դավթյանին այրած Գեւորգ Թադեւոսյանի դատավարությունը:
Թերթը հիշեցնում է, որ հունվարի 20-ին 51-ամյա այս գյումրեցին իր աղջկա պատիվը փրկելու, նրան մարմնավաճությունից հետ պահելու համար սպանել էր 8 ամսական երեխայի մայր 21-ամյա Մարի Դավթյանին, այնուհետեւ պոլիտեխնիկական ինստիտուտի նախկին շենքի կիսանկուղային հատվածում այրել էր նրա դին: Սպանվածը Գեւորգ Թադեւոսյանի դստեր` 20-ամյա Ալվարդի մտերիմ ընկերուհին էր:
Երեկ ամբաստանյալը պետք է հանդես գար վերջին խոսքով: Մինչ Գեւորգ Թադեւոսյանը սկսեց խոստովանել, որ իրականում վատ բան է արել` “իր կամքից անկախ ստացվել է, էլի”, դատարանից խնդրեց մեղմ մոտենալ իրեն, դահլիճ մտան նրա քույրը եւ դուստրը, ու ամբաստանյալը, տեսնելով նրանց, հատկապես դստերը, փոխեց իր վերջին խոսքը` պնդելով, որ ինքը անմեղ է, կապ չունի մարդասպանության հետ:
Դատավոր Էդուարդ Մանուկյանը վճիռը կհրապարակի ամիս 26-ին: