Կույր աչքո՞վ, թե՞ կույր մտքով
Այս աղոթքը հայտնի է շատերիս: Մարդիկ առանց անգամ մտածելու ասում են՝ լավ է կույր աչքով, քան կույր մտքով։ Սակայն քանի՞սս ենք մի պահ կանգ առել ու մտածել՝ արդյո՞ք ամեն բան այդքան հեշտ է։
Մեր կյանքում հաճախ նյութական բարիքներն ու արժեքները այնքան մեծ տեղ են գրավում, որ դրանք համաձայն չենք լինում փոխել ոչ մի երևույթի հետ։ Մարդիկ, այդ թվում և մենք, հնարավոր է, որ գերադասենք զրկված լինել ինչ-որ հոգևոր բարիքից՝ փոխարենը ստանալով նյութական «պարգևներ»։
Հենց սա ոչ այլ ինչ է, քան մեր մտքի կուրության արդյունք։ Պողոս Պատրիարք Ադրիանուպոլսեցին մեզ հստակորեն բացատրում է, թե որն է մտքի կուրությունը․ «Կույր է միտքը, եթե չի խոկում Աստծո մասին, համր է, եթե չի աղոթում, խուլ է, եթե չի լսում Աստծո պատվիրանները, մեռած է, եթե չի սիրում Աստծուն, թշնամի է Աստծուն, եթե սիրում է այն, ինչ ատում է Աստված. ամբարշտություն է՝ խնդրել Աստծուց այն, ինչ Նա չի կամենում»։
Այս կարդալով՝ կասենք, թե մենք բոլորովին էլ Աստծուն չենք ատում և աղոթում ենք, ապա ինչո՞ւ պիտի մեր միտքը կույր համարենք։ Սակայն մտավոր կուրության մասին է վկայում նաև այն, երբ մեր մտքով անցնում են զանազան մեղքեր գործելու մասին գաղափարներ, երբ զգում ենք նախանձ, չարություն այլոց հանդեպ։ Այդ դեպքում նույնպես մեր միտքը դառնում է կույր։ «Զգո՛ւյշ եղիր, չլինի թե մտքումդ ծածուկ չար բան լինի» (Երկրորդ Օրենք 15.9): Ուստի՝ Աստծո խոսքը մեզ ուսուցանում է զգուշավորություն, քանի որ մարդը հակված է մեղանչել նաև իր մտածումներում:
Ինչպե՞ս հաղթեմ չար մտքերին
Չար մտքերն հաղթելու համար նախ պետք է դրանց դեմ դուրս գալ, պայքարել դրանց դեմ։ Որպես լավագույն զենքեր՝ եկեղեցու հայրերը մատնանշում են հետևյալները, որ զորավոր են ու օգնում են այս հարցում՝ սեր, հավատ, հույս, հեզություն, աղոթք, պահք, Սուրբ Հաղորդություն:
Կույր աչքո՞վ, թե՞ կույր մտքով
Երբ կարողանանք լիարժեք կերպով ընդունել ու ընկալել մեր մտքի կուրությունը, գտնել դրա պատճառները, կասկած չի մնա անգամ՝ այս հարցին պատասխանելու համար։ Նյութական ամեն բան զոհաբերելի է՝ հանուն հոգու ու մտքի հանգստության, հաղթանակի։ Այդ ժամանակ միայն կփառաբանենք Աստծուն մեր հոգու աչքերը բացելու համար, և ինչպես ասում է Սաղմոսերգուն․ «Տէր, եթէ զշրթունս իմ բանաս, բերան իմ երգեսցէ զօրհնութիւնս Քո» (Սաղմոս 50։17)