23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Կառավարության պարտքի կազմում ավելացել է դրամային պարտքի տեսակարար կշիռը. Տիգրան Խաչատրյան

Պարտքի կառուցվածքում 2021 թվականին տեղի է ունեցել բարելավում, կառավարության պարտքի կազմում ավելացել է դրամային պարտքի տեսակարար կշիռը, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ կառավարության պարտքը 2021-ին պետք է կազմեր ՀՆԱ-ի 62.3 տոկոսը. տարվա փաստացի արդյունքներով կառավարության պարտքը կազմել է 4 տրլն 209. 8 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 60.3 տոկոսը, որը շուրջ 2 տոկոսային կետով ավելի ցածր է, քան այն նախնական գնահատականը, որ եղել է տարեսկզբին:

«Կարող ենք փաստել, որ մի կողմից ծրագրվածից բարձր տնտեսական աճի, մյուս կողմից հետևողական հարկաբյուջետային քաղաքականության արդյունքում 2021-ի փաստացի ցուցանիշն արձանագրել է պարտքի կառավարելիության բարելավման կարևոր առաջընթաց: Ընդ որում, տարվա ընթացում տեղի է ունեցել նաև պարտքի կառուցվածքի էական բարելավում՝ կառավարության ընդհանուր պարտքի կազմում ավելացնելով դրամային պատքի տեսակարար կշիռը», – ասաց նախարարը:

Պարտքի կառուցվածքում դրամային պարտքի ցուցանիշն աճել է՝ հասնելով 28.8 տոկոսի՝ 2020-ի 24.4 տոկոսի փոխարեն. ըստ նախարարի՝ կառուցվածքի այսպիսի փոփոխությունը համահունչ է պարտքի միջնաժամկետ կառավարման ուղենիշներին, որոնք պահանջում են, որ արտարժույթի փոխարժեքային փոփոխությունների հետ կապված ռիսկերը կրճատելու նպատակով ընդհանուր պարտքի կազմում ներքին պարտքի կշիռը լինի ոչ պակաս, քան 25 տոկոսն է:

«Կառավարության պարտքի կառուցվածքում դրամային պարտքի ավելացումը հանգեցրել է կառավարության պարտքի կշռված տոկոսադրույքի որոշակի բաձրացման, որը 2021 թվականին կազմել է 4.7 տոկոս՝ նախորդ տարվա 4.3-ի դիմաց», – ասաց նա՝ նշելով, թե պետք է հաշվի առնել, որ կառավարության պարտքի կառուցվածքում ներքին պարտքի և տոկոսավճարների ավելացման արդյունքում վերջինիս ավելի մեծ մասն են դառնում Հայաստանի ռեզիդետների եկամուտներ:

«Մասնավորապես, 2021-ի ընթացքում վճարված 180. 8 մլրդ դրամ տոկոսավճարներից 108.3 մլրդ դրամը կամ ընդհանուր տոկոսային վճարների 60 տոկոսը կազմել են ներքին տոկոսավճարները, իսկ արտաքին պարտքի դիմաց տոկոսավճարները կազմել են 72.5 մլրդ դրամ կամ 40 տոկոսը: 2021-ին հարկաբյուջետային քաղաքականությունը, այդ թվում, հարկային եկամուտների ավելացումը, ծախսերի հաշվեկշռվածությունը, պետբյուջեի դեֆիցիտի կրճատումն էական դրական ազդեցություն են ունեցել մակրոտնտեսական կայունության վերականգնման և ՀՀ տնտեսական զարգացման հեռանկարների առնչությամբ դրական սպասումների ձևավորման հարցում», – նշեց Տիգրան Խաչատրյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ