Էդուարդ Շարմազանով. Կոչ եմ անում առաջինից երրորդ նախագահներին, վարչապետերին, նախարարներին՝ միավորվեն
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը Արցախի հիմնահարցի եւ Հայաստանի անվտանգությանը սպառնացող հիմնախնդիրների լուծման իր պատկերացումների մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց.
«Գահավիժում ենք: Արցախի հիմնահարցը պետք է լուծվի Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափով, թեեւ այս փուլում Ռուսաստան-Արեւմուտք կոշտ հակամարտության պայմաններում դա բարդ է: Բայց դրա այլընտրանքը նշանակում է խնդիրը թուրքական, ադրբեջանական տիրույթ տեղափոխել: Այս պարագայում մեր խնդիրը հետեւյալն է. նախ՝ թույլ չտալ Հայաստանի եւ Արցախի կործանում, կանգնեցնել գահավիժումը: Այս իշխանությունները խնդիրը տանում են լրիվ այդ ուղղությամբ՝ համաձայնում են ադրբեջանական հինգ պահանջներին, սպասարկում են թուրքական օրակարգ: Հետեւաբար, պետք է նախ եւ առաջ այս իշխանությանը հեռացնենք, որպեսզի կանգնեցնենք գահավիժումը: Այնուհետեւ, ժամանակ շահենք, վերցնենք մեծ դադար, ամրացնենք մեր անվտանգությունը եւ հետո փորձենք բանակցությունների միջոցով լուծել խնդիրը: Քաղաքական որեւէ լուրջ գործիչ չի ասում, թե վաղը չէ մյուս օրը խնդիրը կլուծվի:
Բայց մենք օր-օրի կորցնում ենք Արցախն ու Սյունիքը: Այս մարդիկ խնդիրը տանում են միակողմանի զիջումների: Այս իշխանության հեռացման պահանջը ոչ թե կամակորություն է, այլ կենսական անհրաժեշտություն: Եվ ես կոչ եմ անում պետականամետ բոլոր ուժերին, առաջինից երրորդ նախագահներին, վարչապետերին, նախարարներին, սովորական քաղաքացիներին, ում համար թանկ են մեր Արցախյան 30 տարվա շարժումը, Եռաբլուրը՝ միավորվեն: Հետո ուշ է լինելու»։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
aravot.am