Կառավարությունը կրկին նույն խաղն է խաղում․ 168․am
168․am-ը գրում է․ Տարվա մեկնարկին իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությամբ կառավարությունը շարունակել է նույն խաղը խաղալ տնտեսության գլխին. շրջանառություններն ավելացնելու համար տնտեսությունը փողի կարիք ունի, իսկ կառավարությունը փողը հանել է տնտեսությունից ու քնեցրել գանձապետական հաշիվների վրա, ինչ է թե՝ տոկոսային եկամուտներ է ստանում դրանց դիմաց։
Պաշտոնական տվյալներով՝ հունվարին պետական բյուջեն 149,7 մլրդ դրամի եկամուտներ է ստացել։ Նախորդ տարվա համեմատ՝ մուտքերն աճել են ավելի քան 10 տոկոսով։
Անկախ նրանից, թե դա ինչի հաշվին է եղել, լավ է, որ եկամուտներն ավելացել են։ Բայց վատ է, որ չեն կարողացել ծախսեր իրականացնել և գումարները վերադարձնել տնտեսություն։
Այդքան եկամուտների դիմաց կատարվել է ընդամենը 88,7 մլրդ դրամի ծախս։
Հավաքված 61 մլրդ դրամը մնացել է անաշխատ վիճակում, տնտեսությունից դուրս։
Փողը հարկերի ու այլ վճարների միջոցով քաշել են տնտեսությունից ու չեն կարողացել ծախսերի միջոցով վերադարձնել տնտեսությանը՝ տնտեսական ակտիվությունը խթանելու համար։
Հունվարի եկամուտների գերակշիռ մասն ապահովվել է ներքին տնտեսության հաշվին. 149,7 մլրդ դրամից՝ 144,2 միլիարդը։ Հարկային եկամուտները նախորդ տարվա համեմատ՝ ավելացել են 10,5 տոկոսով կամ 13,7 մլրդ դրամով։
Թվում է, թե վատ արդյունք չէ, բայց այդպես է միայն առաջին հայացքից։ Հարկային եկամուտներն ավելացել են հիմնականում անուղղակի հարկերի՝ ակցիզային և ավելացված արժեքի հարկերի, ինչպես նաև պետտուրքերի հաշվին։
Ակցիզային և ավելացված արժեքի հարկերն այն հարկերն են, որոնք վճարում են սպառողները՝ իրենց գրպանի հաշվին։
Պետտուրքի ավելացումն էլ կապված է գլխավորապես հումքային ապրանքների արտահանման հետ։
Անցած տարվա սեպտեմբերից կառավարությունը պղնձի համար սահմանեց արտահանման տուրքը, ինչն էլ արտահայտվել է այս հատվածից ստացվող պետական բյուջեի եկամուտների վրա։ Միայն արտահանման տուրքի արդյունքում բյուջեի եկամուտներն ավելացել են 5,7 մլրդ դրամով։
Պետտուրքերի մուտքերն ընդհանուր առմամբ կազմել են 8,3 մլրդ դրամ, որից 5,7 միլիարդը պղնձի արտահանման տուրքն է, որն անցած տարվա սկզբին դեռևս չկար։
Ինչ մնում է ԱԱՀ մուտքերի ավելացմանը, ապա դա էլ պայմանավորված է հիմնականում արձանագրվող գնաճով։ Որքան բարձր են գները, այնքան ԱԱՀ գանձումներն ավելանում են։ Հատկանշական է, որ ԱԱՀ մուտքերն ավելացել են գերազանցապես ներմուծման պարագայում։ Այնինչ՝ ներքին տնտեսությունից գանձվող ԱԱՀ-ն կրճատվել է՝ նույնիսկ թանկացումների պայմաններում։
Սա էլ, թերևս, մեր տնտեսության «փայլուն» զարգացումների ցուցիչներից մեկն է։
ԱԱՀ մուտքերը կազմել են 53,4 մլրդ դրամ։ Ներմուծումից գանձումն ավելացել է 7 միլիարդով, ներքին արտադրությունից կրճատվել՝ 3,4 միլիարդով։
Բավական կտրուկ է եղել ակցիզային հարկերից մուտքերի աճը։ Ի տարբերություն ԱԱՀ-ի, ավելացել են ինչպես ներմուծումից, այնպես էլ ներքին արտադրությունից գանձվող ակցիզային հարկի մուտքերը։ Այս դեպքում էլ մուտքերի աճը կապված է հարկային բեռի ծանրացման և դրույքաչափերի բարձրացման հետ։
Խոսքը, այդ թվում՝ վառելիքի, ծխախոտի, խմիչքների և այլ ենթաակցիզային ապրանքների ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացման մասին է։
Միայն ակցիզային հարկի, ԱԱՀ-ի և պղնձի արտահանման պետտուրքի հաշվին, հունվարին բյուջեի հարկային եկամուտներն ավելացել են 15,7 մլրդ դրամով։ Այն դեպքում, երբ բյուջեի ընդհանուր հարկային եկամուտներն այդ նույն ժամանակահատվածում աճել են ընդամենը 13,7 մլրդ դրամով։
Սա նշանակում է, որ եթե չլինեին թանկացումներն ու հարկային բեռի ավելացումները, ապա բյուջեի հարկային եկամուտները նույնիսկ ավելի քիչ կլինեին, քան ստացվել էր անցած տարի։ Տնտեսության իրական զարգացումներն այնպիսին չեն, որ նպաստեն գեներացվող հարկերի ավելացմանը։
Պատահական չէ, որ ուղղակի հարկատեսակների գծով ունենք մտահոգիչ պատկեր։
Նվազել են՝ ինչպես շահութահարկի, այնպես էլ՝ եկամտային հարկի մուտքերը։
Մի դեպքում անկումը 7 տոկոս է, մյուս դեպքում՝ 5,4 տոկոս։ Հավաքվել է 4,8 մլրդ դրամի շահութահարկ և 43,9 մլրդ դրամի եկամտային հարկ, նախորդ տարվա, համապատասխանաբար՝ 5,2 միլիարդի և 46,4 միլիարդի փոխարեն։
5,6 մլրդ դրամի չափով քիչ են եղել բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների գծով մուտքերը։ Ինչո՞ւ քիչ, որովհետև կառավարությունը 2021թ. ռոյալթիի 7,1 միլիարդի գերավճար էր կուտակել։
Նախորդ տարվա համեմատ ավելացել են բյուջեի այլ հարկային եկամուտները։ Ու կրկին՝ ոչ տնտեսության զարգացումների հաշվին։ Այստեղ էլ աճը կապված է դրոշմանշային վճարների դրույքաչափերի բարձրացման հետ։
«Նախորդ տարվա հունվարի համեմատ՝ այլ հարկերի փաստացի ցուցանիշն աճել է 71,3 տոկոսով կամ 2 մլրդ դրամով: Աճն արձանագրվել է հիմնականում դրոշմանիշային վճարների գծով՝ պայմանավորված 2021 թվականի հունվարի 1-ից «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ դրոշմանիշային վճարների դրույքաչափերի բարձրացմամբ»,- բյուջեի կատարման հունվար ամսվա հաշվետվության մեջ արձանագրել է Ֆինանսների նախարարությունը:
Սրանք այն հիմնական գործոններն են, որոնք տարեսկզբին նպաստել են բյուջեի եկամուտների ավելացմանը։ Ակնհայտ է, որ դրանք քիչ կապ ունեն տնտեսության մեջ տեղի ունեցող իրական զարգացումների հետ։ Բայց ավելի վատ է, որ տնտեսությունից հանված այդ գումարները դուրս են մնացել տնտեսական պրոցեսներից։ Որքան էլ բյուջեի ծախսերն այս տարվա սկզբին նախորդի համեմատ ավելացել են՝ պայմանավորված հիմնականում որոշ պարտադիր ծախսերի աճով, այնուհանդերձ հավաքված գումարների 40-41 տոկոսը մնացել է դրսում։
Մինչ տնտեսությունը խթանների կարիք ունի՝ կառավարությունը փողը հանել է տնտեսությունից ու քնեցրել գանձապետական հաշիվներին։