Ի վերջո, ինչո՞ւ հեռացավ Արտակ Դավթյանը. «Փաստ»
Փետրվարի 24-ին պաշտոնից ազատվեց ՀՀ ԳՇ պետ Արտակ Դավթյանը, և չնայած տարածաշրջանում առկա լարված իրավիճակին և աշխարհաքաղաքական էսկալացիոն գործընթացներին, ՀՀ զինված ուժերը փաստացի չունեն ղեկավար և «բավարարվում» են գլխավոր շտաբի պետի պաշտոնակատարով։ Ի դեպ, իշխանությունների կողմից այդպես էլ որևէ հոդաբաշխ պարզաբանում ու մեկնաբանություն չտրվեց, թե ինչու հանկարծ պաշտոնից ազատվեց Դավթյանը: Այս օրերին տարբեր տեղեկություններ են տարածվում պատճառների մասին, ի մասնավորի նշվում է, թե զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին Սուրեն Պապիկյանի նախաձեռնությամբ են պաշտոնանկ արել: «Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, իրականում Արտակ Դավթյանն ինքն է հրաժարական տվել, ավելին, իր մտերիմ շրջապատում ասել է, որ նման պայմաններում այլևս չի ցանկացել աշխատել, այդ իսկ պատճառով էլ հեռացել է։ Նա նաև ընդգծել է, որ երկրորդ անգամ ԳՇ պետի պարտականությունները ստանձնելիս Նիկոլ Փաշինյանի հետ կոնկրետ պայմանավորվածություններ է ունեցել, որոնք վերջինիս կողմից խախտվել են՝ հերթական անգամ անիմաստ թիրախավորելով բարձրաստիճան զինվորականությանն ու ընդհանրապես բանակը։ Ըստ նույն աղբյուրի, Դավթյանը քաղաքական ղեկավարության հետ բավական սուր և կոշտ զրույց է ունեցել հրաժարականից առաջ։