ՔՊ-ից պնդում են՝ հացահատիկի պաշարի մասին ինֆորմացիան գաղտնի է, բայց վստահեցնում ՝ այս պահին Հայաստանը հացահատիկի խնդիր չունի
Հայաստանն այս պահին հացահատիկի խնդիր չունի, վստահեցնում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
«Առնվազն այս պահին նման խնդրի մասին ինձ հայտնի չէ», – Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մյուս պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն էլ ասաց, թե հացահատիկի պաշարի մասին ինֆորմացիան գաղտնիք է։
«Դա գաղտնի տեղեկություն է, չի հրապարակվում», – ասաց նա։
Ալեքսանյան էլ նշեց, թե ակնհայտ է՝ ռիսկեր կան, ամբողջ աշխարհում ճգնաժամի ռիսկ կա։
Թե ինչ է արվում, որ Հայաստանը հացահատիկի խնդիր չունենա, պատգամավորը հավաստիացրեց, որ էկոնոմիկայի նախարարությունն անում է հնարավոր ամենը՝ փորձելու կառավարել ռիսկերը։
«Բայց չենք կարող բացառել, որ աշխարհում ցանկացած մի բանի ճգնաժամ կարող է առաջանալ», – նշեց ՔՊ-ական պատգամավորը։
Էդուարդ Աղաջանյանն էլ ընդգծեց՝ չի հասկանում, թե ինչու են սևեռվել հացահատիկի խնդրի վրա։
«Կան բազմաթիվ այլ խնդիրներ, միգուցե, ավելի կարևոր, քան հացահատիկի խնդիրը», – ասաց Աղաջանյանը։