Վարչապետը հանդիպել է Եվրասիական միջկուսակցական խորհրդկացությունների մասնակիցներին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրասիական միջկուսակցական խորհրդակցություններին մասնակից Ռուսաստանի «Եդինայա Ռոսիա», Ուկրաինայի «Ռեգիոններ», Ղազախստանի ժողովրդադեմոկրատական «Նուր Օտան» կուսակցությունների ներկայացուցիչներին:
Կառավարության ղեկավարը ողջունել է կուսակցական համագործակցությունն ակտիվացնելու քայլերը եւ կարեւորել միջկուսակացական երկխոսության հետագա զարգացումը: «Դա մեզ համար ունի կարեւոր նշանակություն: Մեր երկրները համատեղ գործում են ԱՊՀ շրջանակներում, ունեն միանման խնդիրներ, որոնք պետք է լուծենք միասին: Այս տեսանկյունից, կուսակցությունների մակարդակով քաղաքական համագործակցությունը եւս կարող է լրջորեն նպաստել տարբեր ծրագրերի մշակմանն ու իրականացմանը»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Վարչապետը կարեւորել է համատեղ քննարկումները, միջկուսակցական երկխոսության պլատֆորմի զարգացումը եւ միմյանց միավորող արժեքների տարածումը:
ՌԴ «Եդինայա Ռոսիա» կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ, Պետական Դումայի փոխխոսնակ Սերգեյ Ժելեզնյակը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին` խորհրդակցությունները բարձր մակարդակով անցկացնելու համար:
Վերջինս գոհունակություն է հայտնել քննարկումների արդյունքներից, որոնք ամուր հիմքեր են ստեղծել միջկուսակցական համագործակցությունը շարունակելու, մի շարք ծրագրեր մշակելու եւ իրականացնելու համար:
Հանդիպման մասնակիցները կարեւորել են քաղաքական կայունության հետագա ամրապնդումը եւ մաղթել, որպեսզի Հայաստանում կայանալիք առաջիկա նախագահական ընտրություններն անցնեն ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան եւ բարձր մակարդակով: