«Ադրբեջանցիներն առևանգել են Տեղ գյուղի բնակչին ու նրա ոչխարները». ՀՀ ՄԻՊ
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվել է ահազանգ այն մասին, որ ադրբեջանական 4 զինված ծառայող այսօր հանցավոր արարքներով առևանգել է ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ գյուղի բնակչին ու նրա ոչխարները
Ըստ ահազանգի տվյալների՝ ՀՀ բնակիչը Տեղ համայնքի Տեղ, Արավուս և Խնածախ գյուղերի հատման հատվածում գտնվող արոտավայրում արածեցրել է իր ոչխարներին: Ժամը 15:30-ի սահմաններում Ադրբեջանի 4 զինված ծառայող, նկատելով ՀՀ խաղաղ բնակչին, իջել են իրենց դիրքերից՝ մոտ 150մ., և նրա վրա գոռգոռալով, քաշքշելով, ուժի գործադրմամբ տարել են դեպի իրենց կողմը՝ Ծիծեռնավանքի ուղությամբ: Խոսքը 400-450 ոչխարի մասին է:
Ահազանգը ճշգրտվել է. այս հանգամանքները ականատեսի տվյալներ են:
Ըստ լրացուցիչ ճշտման՝ միջադեպի մասին տեղեկացված են ՌԴ սահմանապահ ծառայության ներկայացուցիչները, որոնք աշխատանքներ են տանում ՀՀ քաղաքացուն ու նրա ոչխարները վերադարձնելու ուղղությամբ:
Այս ահազանգն ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր արարքներով ՀՀ խաղաղ բնակչի կյանքի, անձնական ազատության և սեփականության իրավունքների նկատմամբ հանցավոր ոտնձգության մասին է:
Այս հարցի լուծումը հրատապ է. դա անհրաժեշտ է մարդկանց իրավունքների պաշտպանության, նրանց անվտանգությունն ու բնականոն կյանքը վերականգնելու համար. պետք է լինի անվտանգության ապառազմականացված գոտի
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այս առաջարկն արդեն տեղ է գտել միջազգային կոնկրետ փաստաթղթում՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 2021թ. սեպտեմբերի 27-ի թիվ 2391 (2021) բանաձևում: