Կառավարությունը նախատեսում է 200 մլն դոլար ծախսել Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու 45 կմ հատվածը վերականգնելու համար․ Մհեր Գրիգորյան
Հայաստանի կառավարությունը նախատեսում է վերականգնել Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու 45 կմ հատվածը` ծախսելով մոտ 200 միլիոն դոլար, այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Ըստ փորձագետների նախնական գնահատականների` Հայաստանի տարածքով անցնող երկաթուղային գծերի հատվածների վերականգնման ինդիկատիվ արժեքը կկազմի մոտ 200 միլիոն դոլար: Ընդհանուր առմամբ երկաթուղային գծի երկարությունը Հայաստանի տարածքով կկազմի մոտ 45 կիլոմետր, իսկ ճանապարհի ընդհանուր երկարությունը ՝ մոտ 340 կիլոմետր», – նշել է Գրիգորյանը:
Մհեր Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանն Ադրբեջանի հետ կապող երկաթուղին կգործի «երկաթուղային փոխադրումների իրականացման միջազգային կանոններով, փոխադարձության սկզբունքի հիման վրա՝ այն երկրների ինքնիշխանության և օրենսդրության շրջանակներում, որոնց տարածքներով այն կանցնի»։