Ադրբեջանցիները պատերազմի օրերին գլխատել են հայերին. վեց դեպք է արձանագրվել, մի մասը կանայք են
Ադրբեջանի կողմից սպանված քաղաքացիական անձինք հիմնականում եղել են տարեց, այդ թվում, նաև կանայք, ունեցել են հաշմանդամություն, հոգեկան առողջության խնդիրներ, այսօր հրավիրված քննարկմանն ասաց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ներկայացուցիչ Աննա Մելիքյանը։
«Մարմինների վրա առկա են եղել խոշտանգման ու վատ վերաբերմունքի հետքեր. որոշ դեպքեր հայտնի են դարձել դեռևս պատերազմի ընթացքում. ընդհանուր առմամբ, այն հանգամանքը, որ Ադրբեջանի զինված ուժերը նկարահանել ու տարածել են այդ դեպքերը, թույլ է տալիս եզրահանգել, որ նշված պրակտիկան միտված էր ահաբեկելու քաղաքացիական բնակչությանը», – ասաց նա։
Մելիքյանի խոսքով՝ արձանագրվել է գլխատման վեց դեպք։
«Դեպքերը սպառիչ չեն, ուղղակի մանրամասն տվյալներ մենք ձեռք ենք բերել վեց դեպքի վերաբերյալ, սա ներառում է նաև կանանց. մի մասը կանայք են եղել. նրանց տարիքը բավականին մեծ է, տարեց մարդիկ են եղել ու դիմադրություն ցույց տալու որևէ հնարավորություն չեն ունեցել», – նշեց ՀԿ ներկայացուցիչը։
Աննա Մելիքյանն ասաց, որ Հադրութի 44-ամյա բնակիչը հոր հետ մնացել է տանն ու հոկտեմբերի կեսերին հայտնվել ադրբեջանական զինված ուժերի ձեռքերում. հունվարի 6-ին ու 8-ին ադրբեջանցիների կողմից տեսանյութեր են տարածվում համացանցում, դրանցից երկրորդում հադրութցուն առաջարկում են հրաժեշտ տալ. մարմինը հայտնվել է հունվարին ու, ըստ փորձագետի, հադրութցին սպանվել է հունվարի 14-ին կամ 15-ին։
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ներկայացուցիչն ասաց նաև, թե բացահայտել են զենքը վայր դրած զինծառայողների ապօրինի սպանության դեպքեր. մանրամասն տեղեկություն է ձեռք բերվել ութ դեպքի վերաբերյալ, բայց նշված թիվը սպառիչ չէ. զինծառայողները ի վիճակի չեն եղել դիմադրություն ցույց տալու, եղել են ծանր վիրավորված, սպանվել են կապված ձեռքերով։