Արմեն Գրիգորյանը ադրբեջանցիների՝ մեր ճանապարհներին ամրանալու գլխավոր պատասխանատուներից է. Արման Թաթոյան
Այդ պաշտոնատար անձը գերազանցել է իր լիազորությունները, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, թե ՄԻՊ-ի հայտարարությունները քաղաքական են։
«Ընդհանրապես ով է նրան իրավունք տվել Մարդու իրավունքների պաշտպանի փոփոխության հարց քննարկել։ Դա բացահայտ ոտնձգություն է ՀՀ ՄԻՊ անկախ հաստատության նկատմամբ, այն էլ՝ գործադիր իշխանության համակարգի բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից։ Քանի որ Հայաստանում կա մարմին, որը հանրային ծառայողի վարքագծի կանոնների խախտումների համար հարուցում է վարույթներ, պատասխանատվության ենթարկելու հարց է լուծում և դա կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն է, ես պաշտոնապես դիմել եմ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Այդ մարդն իր հայտարարությունների համար պետք է ենթարկվի պատասխանատվության, որպեսզի ապահովվի Հայաստանի ՄԻՊ անխափան, անկաշկանդ, անկախ աշխատանքը նաև հետագայում», – ասաց Արման Թաթոյանը։