Ռաֆիկ Գրիգորյանն իր թիմով չի գնա /վիդեո/
Այսօր կառավարության նիստին ՀՀԿ-ական Ռաֆիկ Գրիգորյանը հաստատվեց Գեղարքունիքի մարզպետի պաշտոնում: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ Ռաֆիկ Գրիգորյանի պատգամավորական գործունեության շնորհիվ նրան լավ է ճանաչում եւ հույս հայտնեց , որ Ռաֆիկ Գրիգորյանը մարզպետի պաշտոնում արդյունավետ կաշխատի:
Կառավարության նիստից հետո Ռաֆիկ Գրիգորյանը 3 լրատվամիջոցի հետ զրույցում դիտարկմանը, թե նա երկար ժամանակ չէր ցանկանում զբաղեցնել այդ պաշտոնը, նշեց, որ մարզպետի պաշտոնն ստանձնել է ՀՀԿ-ի որոշման համաձայն: Ռաֆիկ Գրիգորյանն ասաց, որ քաջատեղյակ է մարզի խնդիրներին: Նա նշեց, որ դրանք չեն տարբերվում հանրապետությունում առկա ընդհանուր խնդիրներից, որոնց լուծմանն էլ միտված է կառավարության գործունեության ծրագիրը:
Henaran.am-ը հետաքրքրվել է, թե որն է այն ամենակարեւոր խնդիրը, որն իր նախորդը` ԲՀԿ-ական Նվեր Պողոսյանը չի լուծել եւ դրա լուծմանը պետք է ինքը` պարոն Գրիգորյանը հասնի: “Թե նախորդի բացթողմանը, թե առավելությանը գնահատական է տալիս կառավարությունը: Իհարկե, ժողովուրդը տեղում կարող է տալ, բայց ես կուսումնասիրեմ եւ իմ անձնական կարծիքը կհայտնեմ: Մենք բազմաթիվ անգամ համագործակցել ենք վերջին 5 տարիների ընթացքում: Կարծում եմ, նա նորմալ էր աշխատում”:
Ռաֆիկ Գրիգորյանն ասել է նաեւ, թե կադրային փոփոխությունները աշխատակազմում կլինեն “սահմանված կարգով”: “Կարծում եմ պրոֆեսիոնալներ են աշխատում եւ նորմալ, կազմակերպված կաշխատենք”,-նկատել է նա:
Henaran.am-ի դիտարկմանը, թե իր թիմը չի՞ տանելու մարզպետարան, Ռաֆիկ Գրիգորյանն արձագանքել է,”Այդպիսի բան չի լինելու”: