Ադրբեջանը մեկնաբանել է Իրանից Հայաստան մեկնող բեռնատարների ստուգումը
Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն հայտարարել է, որ ապահովում է օտարերկրյա պետությունների տրանսպորտային միջոցներից հարկերի և տուրքերի գանձման վերաբերյալ Ադրբեջանի օրենսդրության իրականացումը երկիր մուտք գործելիս և ելնելիս:
Կոմիտեն նշել է, որ «ներկայում Ադրբեջանի մաքսային մարմիններն ապահովում են օրենսդրության դրույթների իրականացումը ողջ երկրում»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադրբեջանը ոստիկանական բաժանմունք է ստեղծել Սյունիքում և ստուգում է վարորդների և իրանական համարներով բեռնատարների բեռները:
Նշենք, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ադրբեջանցիների գործողությունների վերաբերյալ ՀՀ ԱԱԾ տարածած հայտարարության մեջ նշվում էր․ «Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ` Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում»։