24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Նույնիսկ, եթե ընտանիքների համաձայնությունը կա, մեծ հարց է՝ կարո՞ղ ենք վերադարձող գերիների անձնական տվյալներ հրապարակել, թե՞ ոչ». Արման Թաթոյան

«Ադրբեջանի կազմակերպած դատավարություններն ի սկզբանե արհեստական էին: Դրանք շղարշ են միջազգային հանրության համար, արդարացում որպես՝ ձգձգումների համար, որպեսզի այդ ընթացքում նրանք հասցնեն շատ քաղաքական ու ռազմական օգուտներ ստանալ, և այդ դատավարությունները լավագույն առիթն են գերիների հարցը քաղաքական սակարկությունների առարկա դարձնելու համար»,- «Հոդված 3» ակումբում «Ի՞նչ քայլեր է ձեռնարկում ՀՀ կառավարությունը գերիների իրավունքների պաշտպանության համար» թեմայով տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Նրա խոսքով՝ ադրբեջանական իշխանությունները հիմա ամեն ինչ անում են՝ այդ դատավարությունները որևէ կերպ օրինականացնելու համար, և այդ առումով մենք էլ պետք է զգույշ լինենք, որպեսզի հնարավորություն չտանք նրանց դա անելու:

«Ես անցած շաբաթ Ստրասբուրգում էի: Եվրոպայի խորհրդի ղեկավար մարմինների հետ գերիների վերադարձի հետ կապված բավականին բարձրաստիճան քննարկումներ եղան այնտեղ: Հայաստանն ու Արցախը մարդասիրական հարցերը միշտ են կարևորել, բայց չպետք է թույլ տանք, որ միջազգային հանրության մոտ ձևավորվի մոտեցում, որ գործընթացը ընթանում է, և այն, որ այն մաս-մաս է ընթանում, խնդիր չէ»,- ասաց ՀՀ ՄԻՊ-ը:
Վերջինս նշեց, որ ինքը միջազգային գործընկերներին էլ մշտապես ասում է, որ չպետք է թույլ տալ, որ Ադրբեջանը գերիների հետ կապված հարցերը կապի այլ հարցերի հետ, որովհետև նրանց վերադարձի հարցերը, եթե անգամ ամրագրված չլինեին նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, միևնույն է, միջազգային իրավունքով լուծվող հարցեր էին. գերիները պետք է վերադարձվեին:

«Մեր մոնիտորինգը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր անգամ դատավարության մասնակից գերիների նկարների ցուցադրումը, հատկապես, որ իրենց ԶԼՄ-ներում վերնագրերը հատուկ են ընտրվում, լրացուցիչ ատելության ալիք են բորբոքում ադրբեջանական հասարակության մեջ»,- ասաց Արման Թաթոյանը:

ՀՀ ՄԻՊ-ը պնդում է՝ մեր կառավարությունը չպետք է անտեսի գերիների հարցով միջազգային այլ կազմակերպությունների հետ աշխատանքը:
«Ընդամենը մեկ ամիս առաջ Ադրբեջանի ԱԳ նախարարը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ ու ՄԱԿ-ի բարձրագույն այլ մարմիններին նամակ է գրել և նորից էլի դատավարությունները փորձելու է օգտագործել՝ դրանք դարձնելով քաղաքական սակարկությունների առարկա»,- ասաց Պաշտպանը:

Արման Թաթոյանի կարծիքով՝ գերիների հետ կապված մեր գործողությունները չպետք է միայն լինեն այնպիսին, որ մեր տղաներին ինքնանպատակ վերադարձնենք ու դրանով ամեն բան ավարտենք, այլ պետք է ստեղծել ինստիտուցիոնալ այնպիսի հիմքեր, որոնք կանխարգելիչ լինեն հետագայի համար:

«Գերիների վերադարձի հետ կապված՝ մեր կառավարությունը նաև ներսում պետք է վարի համակարգված քաղաքականություն, որովհետև պետք է միշտ նկատի ունենանք, որ ադրբեջանական իշխանությունները շատ մանրամասն մոնիտորինգ են անում և մանրադիտակով ուշադրության ներքո են պահում այն, ինչ կատարվում է մեր հասարակությունում՝ բնականաբար, իրենց համար քաղելով առավելագույնը ու դրանք որպես ապացույց՝ օգտագործելով դրսում»,- ասաց Արման Թաթոյանը:
ՀՀ ՄԻՊ-ը վստահ է՝ գերիների վերադարձի հետ կապված քաղաքականությունը պետք է լինի այն, որ ողջ ստացվող տեղեկատվությունը օգտագործենք՝ ի նպաստը բերելու մեր մյուս տղաների վերադարձին, այլ ոչ թե եկածներին ավելի խոցելի վիճակի մեջ դնելով:

«Լրացուցիչ հրապարակվող ավելորդ ինֆորմացիան խանգարում է: Օրինակ՝ անձնական տվյալների հրապարակումը: Իմ կարծիքով՝ նույնիսկ, եթե ընտանիքների համաձայնությունը կա, մեծ հարց է՝ արդյո՞ք մենք կարող ենք դրանք հրապարակել, թե՞ ոչ: Մենք նրանց դնում ենք խոցելի վիճակում, հետո՝ տարբեր հարցազրույցներ, ինֆորմացիայի հրապարակումներ… Մենք հասկանում ենք, չէ՞, ինչ պայմաններում են այնտեղ մեր գերիներին պահել, վերաբերմունքն ինչպիսին է եղել: Մենք արձանագրել ենք նաև հանրային գործիչների, պաշտոնյաների կողմից հայտարարություններ: Միգուցե չհասկանալով կամ լավ նպատակով, սակայն արդյունքում դրանք վատ ծառայություն են մատուցել: Ես ստացել եմ այնտեղից եկած մի քանի զեկույցներ, որտեղ ամբողջությամբ հերքվում են հայկական կողմի դիրքորոշումները, և ասում են՝ նույնիսկ Հայաստանում են ասում՝ ինչ լավ պայմաններում են պահվել գերիները, դուք ի՞նչ եք ուզում մեզանից»,- զգուշացրեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը:

Ըստ նրա՝ պետք է ունենալ համակարգված պետական քաղաքականություն, որպեսզի ներքին հարցերը չխոչընդոտեն արտաքին աշխարհում մեր պայքարի հաղթանակին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ