Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել եւ չի կարող լինել վարչապետի պաշտոնակատար. Դավիթ Հարությունյան
Վարչապետի պաշտոնից հրաժարականի դեպքում Նիկոլ Փաշինյանը չի կարող լինել վարչապետի պաշտոնակատար։ Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ասաց Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։
«Նա չի կարող լինել վարչապետի պաշտոնակատար, քանի որ հրաժարական է տվել։ Կառավարության անդամները հրաժարական չեն տվել, նրանք իրավունքի ուժով են համարվում հրաժարական տված։ Իսկ նա հրաժարական է տվել։ Դա ակնհայտ իրավունքի տրամաբանություն է՝ եթե նա հրաժարական է տվել, իսկ նա տվել է, կատարել է կամային գործողություն։ Կառավարության անդամները դե ֆակտո հրաժարական չեն տվել»,- ասաց Դավիթ Հարությունյանը։
Անդրադառնալով իշխող ուժի ներկայացուցիչների այն պնդումներին, որ եթե վեճ կա այս հարցում, քաղաքական ուժերը կարող են դիմել Սահմանադրական դատարան, Դավիթ Հարությունյանն ասաց․ «Եթե դիմողներ չկան, դա ամենևին չի նշանակում, որ տվյալ պարագայում չի խախտվել Սահմանադրությունը»։