Բարեփոխում անվան տակ ինչ ասես, բերեցիք, անցկացրիք. Ա. Մինասյան
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի խոսքով՝ առ այսօր պետական բյուջեի նշանակությունը չի կարևորվել ու արժևորվել: ԱԺ-ում, ելույթ ունենալով 2015 թվականի պետական բյուջեի նածագծի մասին, նա ասաց, որ ցանկացած նմանատիպ փաստաթուղթ պետք է իր մեջ ներառի երկրի առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու ուղղված գործողությունները, սակայն դրանք չկան:
՛՛Բյուջեի նախագիծը վերածվել է միջանկյալ մի նպատակի, որի եկամտային մասը հաշվարկվում է ըստ գերատեսչական մոտեցումների: Անգամ քննարկումները պետական բյուջեի նախագծի վերաբերյալ ըստ պատշաճի չի գիտակցվել թե՛ Կառավարության, թե՛խորհրդարանի առանձին հատվածի կողմից՛՛:
՛՛Եթե ուզում եք կառուցվածքային փոփոխություն իրականացնել. հարգարժա՛ն Կառավարություն, ստեղծեք ներդրումների պաշտպանության կոմիտե, թե չէ անունը դրել եք բարեփոխումներ, ի՞նչն եք բարեփոխում, բարեփոխում անվան տակ ինչ ասես բերեցիք, անցկացրիք՛՛,-ասաց Մինասյանը՝ տեղեկացնելով, որ ՀՅԴ խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին:
Ելույթից հետո արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ ասելով, թե այլ բան չէին էլ սպասում: