Ըստ Փաշինյանի և Քերոբյանի՝ կունենանք գրանցված աշխատատեղերի ռեկորդ ՀՀ պատմության մեջ
Կառավարության այսօրվա նիստին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ տնտեսության վերականգնման հերթական ազդակն են ստացել:
«Կարող ենք արձանագրել, որ 2021 թվականի մարտին մենք աշխատատեղերի եկամուտ ու աշխատավարձ ունեցող աշխատատեղերի թվի աճ ենք ունեցել», – ասաց նա:
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն ասաց, որ անցյալ տարվա համեմատ 0-ից բարձր վարձատրվող աշխատատեղերը ավելացել են 2500-ով: Նրա խոսքով՝ հարկման բազան կազմել է ավելի քան 131 միլիարդ, որը 2020 թվականի համեմատ ավելի է 7,5 միլիարդով:
«Միջին հարկման բազան կազմել է 211 հազար 5 հարյուր, որը 2020 թվականի նկատմամբ՝ ավել է 12 հազարով», – ասաց ՊԵԿ նախագահը:
Նա նշեց, թե թվերի հավաստիության մասով կասկածելն անմտություն է: Վարչապետն ասաց, թե 2018 թվականի նկատմամբ՝ այս տարի կա 85 հազար 38 աշխատատեղի տարբերություն:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ իր հերթին արձագանքեց, թե վերլուծությունները ցույց են տալիս, որ սա տնտեսական աճի հետևանք է:
«Այս տեմպերով որ գնանք, կունենանք գրանցված աշխատատեղերի ռեկորդ Հայաստանի պատմության մեջ», – ասաց նախարարը: