Պնդում եմ, որ առանց պատերազմի հնարավոր է փորձել հետ բերել Հադրութն ու Շուշին. Միքայել Մինասյան
Պնդում եմ, որ ՀՀ-ն չունի նոր պատերազմի ռեսուրս, պնդում եմ, որ հնարավոր է փորձել հետ բերել Շուշին և Հադրութը՝ առանց պատերազմի։ Այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը՝ պատասխանելով հարցին՝ տեսնո՞ւմ է հնարավորություն՝ աշխարհաքաղաքական ճիշտ բալանսները պահելու, հարաբերությունները կառուցելու միջոցով ոչ միայն ապահովելու խաղաղություն ԼՂ-ում և ԼՂ-ի շուրջ, այլև գտնելու մեր ազգային արժանապատվությունը վերականգնելու ճանապարհը։
«Ես պնդում եմ նաև, որ պետք է փորձենք ամրացնել արժանապատիվ հարաբերությունները ՌԴ-ի հետ և կառուցել նոր հարաբերությունների ձև, որի մասին գրել եմ 2 տարի առաջ՝ իմ հոդվածում»,-ասաց նա։
Միքայել Մինասյանն ընդգծեց՝ պետք է ընդունենք, որ այլևս չունենք այն Հայաստանը, որն ավարտվեց Նիկոլ Փաշինյանի իշխանության առաջին օրով։ «Այս 3 տարիների ընթացքում նա ուղղակի քաշեց մեր միջից ամեն ինչ։ Կամ ընդունում ենք դա, ստանում ենք ճիշտ դեղամիջոցներ և գնում ենք դեպի ապագա, կամ շարունակում ենք իրար խաբել ու չենք ունենում ապագա։ Ես ապագայի կողմնակիցն եմ, ես եթե սկսեմ, սկսելու եմ հանուն ապագայի, ոչ թե հանուն անցյալի»,-ասաց նա։
Հարցին՝ եթե Փաշինյանը չանցկացնի արտահերթ ընտրություններ, պատրա՞ստ է ինքը ստանձնել նրան «պատուհանից դուրս վռնդելու» պատասխանատվությունը, Մինասյանը պատասխանեց․ «Ես գրել էի, որ սպասելու եմ իմ հերթին։ Կարծում եմ, որ սպասել եմ բավականին, և տեսա, որ ոչ ոք չի կարողանում այդ մարդուն պատուհանից դուրս շպրտել։ Հետևաբար՝ հիմա արդեն ես պետք է որոշեմ՝ ուզում եմ ստանձնել դա, թե ոչ, եթե ստանձնեմ, ուրեմն շպրտելու եմ, չկասկածեք»։
Նախկին դեպսնաը նշեց, որ Հայաստանն այսօր պատերազմելու ռեսուրս չունի, Հայաստանը խաղաղության այլընտրանք չունի, Նիկոլ Փաշինյանի առաջարկը խաղաղություն չէ, կապիտուլյացիա է, խայտառակությունն ու պարտությունը տարբեր բաներ են, մենք չենք պարտվել, մենք դավաճանվել ենք ու խայտառակվել։
«Արցախի մասին իմ գնահատականը հետևյալն է՝ մենք պարտվել ենք, որովհետև դավաճանվել ենք, հետևաբար՝ խայտառակվել ենք։ Մենք չենք կարող շարունակել խայտառակված երկիր մնալ, մենք պետք է արժանապատիվ խաղաղության աշխատանքներ սկսենք, իսկ դրա համար մենք պետք է ընտրենք, թե ո՞ր կենտրոնի վրա ենք հենվում»,-ասաց նա։
Մինասյանը նշեց՝ պիտի հասկանանք՝ ում շահերն են համընկնում մեր երկրի շահերի հետ, գտնենք, կառուցենք և գնանք առաջ։
«Միանգամից ասեմ՝ այսօր դա Մոսկվան է, դրան այլընտրանք չկա, ով ինչ ասում է՝ խաբում է, բայց նույնիսկ այսօր Մոսկվայի հետ հարաբերություններում ՀՀ-ն պարտվողական կարգավիճակում է»,-ասաց նա։
Միքայել Մինասյանն ընդգծեց՝ ինքը ՌԴ-ի հետ եղբայրության կողմնակից է։
«Ես արժանապատիվ եղբայրության կողմնակից եմ։ Դա էլ է աշխատանք, դա էլ է դիվանագիտություն։ Մենք այսօր պետք է հետ բերենք մեր լավ ելակետային դիրքերն առաջին հերթին Մոսկվայում»,-ասաց նա։
Քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանի հարցին՝ այսքանից հետո դա հնարավո՞ր է, Միքայել Մինասյանը դրական պատասխան տվեց․ «Միանշանակ, ՀՀ և ՌԴ շահերը 90 տոկոսով համընկնում են։ Ես խոսում եմ այսօրվա մասին, չգիտեմ ինչ կլինի 5 տարի հետո, բայց դա էլ արդեն դիվանագիտության արվեստ է, պրոֆեսիոնալիզմ, այնպես անել, որ քո հիմնական դաշնակցի շահերը միշտ լինեն համահունչ քո շահերի հետ։ Դրա նախադեպը կա՝ ԱՄՆ-Իսրայել․ եղել է ժամանակ, երբ ԱՄՆ և Իսրայելը ունեցել են ավելի վատ հարաբերություններ, քան ՀՀ-ն և ՌԴ-ն հիմա»։