Կարճված գործը կբողոքարկվի. Հայկական ժամանակ
Երեկ “Հայկական ժամանակի” գլխավոր խմբագիր Հայկ Գեւորգյանը ստացել է ՀՀ ոստիկանության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Ա. Ասատուրյանի որոշումը Գեւորգյանի նկատմամբ հարուցված քրգործը կարճելու մասին: Խոսքը վերաբերում է այս տարվա հունվարի 13-ի հայտնի “վրաերթին”:
Քրգործը, քննիչի որոշմամբ, կարճվել է հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Թերթը նկատում է, որ սա բավականին «խորամանկ» որոշում է: Խնդիրն այն է, որ գործը եթե հասնի դատարան, ապա այնտեղ միանշանակորեն կապացուցվի, որ “վրաերթը” սարքվել է եւ սարքվել է ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանի հրահանգով կամ առնվազն որեւէ բարձրաստիճան ոստիկան փորձել է նրան լավություն անել: Գործը կարճելով` ՀՀ ոստիկանությունը փորձում է խուսափել այս հեռանկարից:
Հ. Գեւորգյանը եւ նրա պաշտպան Վահե Գրիգորյանը պատրաստվում են բողոքարկել այս որոշումը եւ ապացուցել “վրաերթի” սարքված լինելը ու պատասխանատվության կանչել գործում ներգրավված բոլոր անձանց: