Կոչ ենք անում ՀՀ զինված ուժերին՝ առաջնորդվել օրենքով՝ դատարանի որոշմամբ. Վազգեն Մանուկյան
«Հայրենիքի փրկության շարժումը» ֆեյսբուքյան էջում տեղադրել է Վազգեն Մանուկյանի հայտարարությունը, որը ներկայացնում ենք ստորև.
«Ս.թ. մարտի 17-ին ՀՀ վարչական դատարանը բավարարել է ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի միջնորդությունը, համաձայն որի վերջինս շարունակելու է իր պաշտոնավարումը՝ մինչև դատարանի կողմից վերջնական վճռի կայացումը:
Այսօր վարչապետի աշխատակազմը, չունենալով դատական ակտը պարզաբանելու որևէ իրավասություն, հայտարարել է, որ Օնիկ Գասպարյանն ազատված է ՀՀ ԶՈւ ԳՇ պետի պաշտոնից, իսկ ՀՀ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ընթացակարգով ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նոր պետի նշանակման գործընթացը շարունակվում է։
Վարչապետի աշխատակազմի «պարզաբանումն» ուղղակի կոչ է՝ չենթարկվելու դատարանի կայացրած ակտին, ինչը քրեորեն պատժելի արարք է: Այս առնչությամբ ՀՀ դատախազությունը պարտավոր է հարուցել քրեական գործ:
Փաշինյանն ու իր վարչախումբն այս քայլով հերթական անգամ իրենց դնում են Սահմանադրությունից և օրենքից դուրս՝ ևս մեկ հարված հասցնելով երկրի սահմանադրական կարգին:
Ստեղծած իրավիճակում կոչ ենք անում ՀՀ զինված ուժերին՝ անշեղորեն առաջնորդվել օրենքով՝ դատարանի որոշմամբ, չենթարկվել որևէ ապօրինի հրամանի և շարունակել իրականացնել իր սահմանադրական առաքելությունը:
ՀՀ դատախազության կողմից քրեական գործ չհարուցելու, Փաշինյանի վարչախմբի կողմից հակապետական և ապօրինի գործողությունները շարունակելու պարագայում Շարժումը կձեռնարկի իրավիճակին համապատասխանող բոլոր անհրաժեշտ քայլերը»: