ՀՀ փաստաբանների պալատն իր զորակցությունն է հայտնում Արման Թաթոյանին
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին պետական բյուջեից հատկացվող միջոցների վերաբերյալ կարգավորումները փոփոխության ենթարկելու ՀՀ կառավարության նախաձեռնությունն առաջ է բերում խորը մտահոգություն: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
«Այդ կարգավորումները Մարդու իրավունքների պաշտպանի անկախ և արդյունավետ գործունեության կարևոր երաշխիք են: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին հատկացվող միջոցների չափն առանց որևէ սահմանափակման պետական այլ մարմինների հայեցողությամբ պայմանավորելը վտանգում է այդ երաշխիքները:
Հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գործառութային առանձնահատկությունները և առանձնակի դերն անձանց իրավունքների պաշտպանության գործում՝ առաջարկվող փոփոխությունները հղի են ՄԻՊ-ի՝ որպես սահմանադրական մարմնի, և ՄԻՊ աշխատակազմի բնականոն աշխատանքի խաթարմանը, ինչը կարող է, որպես հետևանք հանգեցնել երկրում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի վատթարացմանը:
Հատկապես մտահոգիչ են փոփոխությունների նախաձեռնումը խտրական վերաբերմունքի հիմքով, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի՝ պետական մարմինների համար անբարեհաճ գործունեությամբ պայմանավորված լինելու մասին տեղեկությունները:
Ի թիվս այլոց, բարձր գնահատականի է արժանի Մարդու իրավունքների պաշտպանի հետևողական գործունեությունը միջազգային հարթակներում՝ քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցերը բարձրաձայնելու և առաջ մղելու հարցում, ինչն առավել կարևոր նշանակություն ստացավ 2020 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ողջ ընթացքում և դրանից հետո:
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության միջամտությունը կամ դրա համար անհամաչափ սահմանափակումներ ստեղծելը կարող է բացասական անդրադառնալ ինչպես երկրում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի վրա, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը միջազգային հարթակներում, այնպես էլ՝ Հայաստանի Հանրապետության վարկին արտաքին աշխարհում:
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը հայտնում է իր զորակցությունը Մարդու իրավունքների պաշտպանին և առաջարկում է ՀՀ գործադիր իշխանությանը՝ առկա մտահոգությունների հաշվառմամբ վերանայել ՄԻՊ վերաբերյալ բացասական դիրքորոշումը (վերաբերմունքը) և չեղարկել քննադատության առարկա օրենսդրական նախաձեռնությունը»,- ասված է Զոհրաբյանի հայտարարության մեջ: