Դատախազությունից, ՔԿ-ից եւ ԱԱԾ-ից Կառավարության սուրհանդակներին հասկացրել են, որ չեն ենթարկվելու եւ որևէ զինվորականի չեն ձերբակալի․ Ժողովուրդ
Երեկ, երբ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հայտարարեց՝ վե՛րջ թավիշին, ուժային կառույցներում շունչները պահած սպասում էին, թե երբ են ստանալու ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետին, տեղակալներին, գեներալներին ու գնդապետներին ձերբակալելու որոշումները:
«Ժողովուրդ» օրաթերթը ուժային կառույցների իր աղբյուրներից պարզեց, որ և՛ ՀՀ դատախազությունից, և՛ ՀՀ քննչական կոմիտեից, և՛ ԱԱԾ-ից ՀՀ կառավարության սուրհանդակներին հստակ հասկացրել են, որ չեն ենթարկվելու անօրինական որևէ հրամանի: Ավելին, բացատրել են, որ ռազմական դրության պայմաններում որևէ դեպքում Օնիկ Գասպարյանին կամ որևէ այլ զինվորականի չեն ձերբակալի, չեն միջնորդի ձերբակալության համար, հետևաբար ՀՀ կառավարությունը հասկացել է, որ ուժային կառույցներից միայն փոքրիշատե իրենց վերահսկողության տակ է մնացել ՀՀ ոստիկանությունը, սակայն ոստիկանությունն էլ զինվորականներին ձերբակալելու իրավունք չունի, ռազմական ոստիկանությունն էլ դժվար թե գնա այդ համարձակության:
Օ. Գասպարյանը, նրա տեղակալները և հայտարարությանը միացած հինգ կորպուսների հրամանատարները կշարունակեն պաշտոնավարել և ապահովել մեր երկրի սահմանների անձեռնմխելիությունը, տարածքային ամբողջականությունը, իսկ ներքաղաքական զարգացումները դեռ կշարունակեն ծավալվել:
Հավելենք, որ ուժային կառույցների աշխատակիցների պնդմամբ՝ զինված հեղաշրջման փորձ չի եղել, քանի որ ԳՇ պետը, բացի հայտարարությունից, որևէ քայլ չի արել, զինված գործողություն չի արել իշխանության յուրացման համար, հետևաբար ապօրինություն կլինի նրան ձերբակալելը
Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։