25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Եթե ինքներս մեզ դատենք և մերժենք խավարը, ապա Քրիստոս կլինի մեզ համար փրկություն

Պահքը հոգևոր ուրախություն է, բայց մենք հաճախ այդ ուրախությունը վերապրել ու զգալ չենք կարողանում, քանի որ պահքը, մեր պատկերացմամբ, հանուն Աստծո կյանքը տառապանքի վերածելն է: Թվում է, թե աղոթող ու պահք պահող մարդը պետք է տառապի ու տրտում լինի: Այնինչ պահքն իմաստ ունի, եթե վերագտնում ենք մեր հոգևոր ուրախութունը, իսկ ադ ուրախությունը վերագտնելու համար կարևոր է Աստծո սիրով, հույսով ու հավատքով զորացած՝ պայքարել մեղքի ու չարի դեմ: Ի վերջո, մեր նպատակն Աստծո հետ հանդիպումն է, իսկ պահքը հենց այդ ճանապարհն է, որտեղ պետք է բացառել վախը և հույսով առաջնորդվելը:
 
Եթե մեր հոգևոր կյանքի ձգտումն Աստված է, Աստծո հետ հանդիպումը, ապա ինչո՞ւ վախենալ Երկրորդ գալուստից: Եթե վախենում ենք, նշանակում է՝ Աստված մեզանից դուրս ու հեռու իրականություն է, իսկ դատաստանը ոչ թե քավություն, այլ դատապարտություն է:
Քրիստոսի օրինակը նման է Նոյի օրինակին: Վերջինիս ներկայությունն իր դրացիների համար և՛ դատապարտություն էր, և՛ փրկության հնարավորություն: Բայց այդ դատապարտության ու փրկության միջև ընտրությունը մարդն է անում: Քրիստոս էլ աշխարհ գալով ցույց տվեց ոչ միայն մեր մեղքը, այլ նաև փրկության ճանապարհը: Այստեղ ընտրությունը տեսական չէ, այլ գործնական: Եթե ինքներս մեզ դատենք և մերժենք խավարը, ապա Քրիստոս կլինի մեզ համար փրկություն:
 
Պահքի հոգևոր ուրախության պայմաններից է նաև ինքդ քեզ ճանաչելը: Մեղքը մեզ ներսից բաժանում է: Կորցնում ենք հնարավորությունն՝ ինքներս մեզ վերագտնելու: Արդյունքում առաջանում է խզում ոչ միայն ինքներս մեզ հետ, այլ̀ դիմացինի և Աստծո հետ:
 
Սիրում ենք ինքնահաստատվել դիմացինի հաշվին: Սա գալիս է թերարժեքությունից և սիրո պակասից: Չէ՞ որ սերը ենթադրում է սեփական անձից առավել կարևորել դիմացինին: Ոչ թե պետք է ջնջել սեփական անձը, այլ ջնջել եսասիրությունը: Խնդիրը անպայման բառի ուղիղ իմաստով կյանքը հանուն դիմացինի տալու մասին չէ: Պարզապես պետք է սկսել Քրիստոսի այն պատգամից, որն ասում է̀ դիմացինի հետ վարվիր այնպես, ինչպես կցանկանայիր, որ քեզ հետ վարվեն (Մատթ. 7.12): Ուզում եք երջանի՞կ լինել, վատ չէ, բայց երջանկության հասնելու ճանապարհին առաջնորդվեք սիրով, եղեք ազատ ու դիմացինի հետ̀ արդար: Ցանկանում եք սիրվա՞ծ լինել, նույնքան սիրեք դիմացինին, ցանկանում եք ազա՞տ լինել, նույնքան ազատություն տվեք դիմացինին, ցանկանում եք արդարությո՞ւն, նույնքան արդար եղեք դիմացինի հանդեպ:
 
Մեր սխալն այն է, որ ուզում ենք լինել պարզապես առաքինի և վերջ: Ու գիտե՞ք ինչու: Քանի որ քաջություն չունենք լինելու այնպիսին, ինչպիսին կանք իրականում: Մեր խնդիրը այսպիսին, կամ այնպիսին լինելը չէ, ածականներով գոյությունը չէ, մեր խնդիրը մեր իրական տեսակը և դեմքը պահելն է: Իսկ մենք ավելի շատ մտահոգված ենք, թե ինչ գիտեն մեր մասին մյուսները, երբ ինքներս մեր մասին ոչինչ չգիտենք: Քաջություն է պետք լինելու այնպիսին, ինչպիսին կաս: Սա է պայմանը որ կկարողանանք գտնել Քրիստոսին մեր մեջ և մեզ՝ Քիստոսի մեջ:
 
Պահքի հետ կապված սխալ պատկերացումներից մեկն էլ այն է, որ ավելի շատ հարցնում ենք, թե ինչ վատ բան կա իմ մեջ: Գուցե ավելի կարևորենք՝ ի՞նչ լավ ու լուսավոր արժեք կա իմ մեջ, որքանո՞վ եմ ես նման Աստծուն: Ցավն այն է, որ մենք մեր մեջ չենք ապրում, այլ ապրում ենք մեզանից դուրս: Իսկ Աստված մեզ սպասում է մեր մեջ, բայց մենք տեղում չենք: Եվ դա էլ հերիք չէ, ձևացնում ենք, թե փնտրում ենք Աստծուն: Գուցե Աստծուն փնտրելու փոխարեն ինքներս մե՞զ փնտրենք ու ներս հրավիրենք: Որպեսզի կարողանանք կիրառել Աստծո̀ մեզ տրված շնորհները, պետք է ինքներս մեզ հետ լինենք:
 
Երեք կամք կա, որ որոշում են աշխարհի ճակատագիրը. Աստծո կամքը, որը բարի է, սեր է, զորավոր է, չարի կամքը, որ խավարն է, անզորությունը, ատելությունը, և մեղավոր մարդու կամքը, որը երկմտում է չարի ու բարու, կյանքի ու մահվան ընտրության մեջ: Պահքն այն սխրանքն է, երբ ճիշտ ընտրություն ենք անում:
 
Պահքի ընթացքում կարևոր է նաև լռել և լսել կարողանալը: Թվում է̀ բարդ չէ: Բայց իրականում լռելու և լսելու համար պետք է քաջություն ու պայքար: Օրինակ, երբ լսում ենք դիմացինին ու ոչինչ չենք ասում, դեռ չի նշանակում որ մենք լուռ ենք: Այո՛, բառ չենք արտաբերում, բայց մեր միտքն աշխատում է, մեր ցանկություններն ակտիվ են, զգացմունքները պայքարում են:
 
Այսպիսի լռության մասին չէ խոսքը: Իրական լռությունն այն է, երբ մեր միտքը, ցանկությունները, զգացմունքները ոչ թե չկան, այլ կենտրոնացած են Աստծո վրա: Ինչպես օրինակ, երբ վտանգի ժամանակ ամբողջ միտքդ ու ուշադրությունդ կենտրոնացնում ես, թե որտեղից է վտանգը, ուշադիր ես ամեն ձայնի ու շարժման ուղղությամբ: Հոգևոր լռության նպատակը լսելն է այն, ինչ կասվի: Հոգևոր կյանքի իմաստը հենց այդ լռության մեջ բացահայտված Աստծո խոսքի մեջ է, որը պետք է լսել ու ընդունել:
 
Եսայի քհն. Արթենյան
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ