Մենք հայտարարել էինք, որ Նիկոլի կազմակերպած ընտրությանը չենք մասնակցում. Հայկ Մամիջանյան
ՀՀԿ-ականները առավոտից չէին ցանկանում մեկնաբանել «Իմ քայլը» խմբակցության որոշումը, որ «հանրության լայն շերտերում արտահերթ ընրությունների պահանջ չկա», ուստի չեն գնում ընտրությունների։ Ի վերջո, մեզ հաջողվեց մեկնաբանություն ստանալ ՀՀԿ երիտթևի նախագահ Հայկ Մամիջանյանից։
Վերջինս, վերլուծելով իմքայլականների որոշումը՝ չգնալ արտահերթ ընտրությունների, ասաց, որ դրան կա մի քանի պատճառ․ «Առաջինը՝ ՀՀԿ-ն ի սկզբանե, այն պահից սկսած, երբ որ Նիկոլ Փաշինյանը ներմուծեց ընտրությունների կեղծ օրակարգը, հայտարարել է, որ դա ընդամենը շեղող մանևր է, որ Նիկոլ Փաշինյանի դավաճան վարչակազմի կողմից կազմակերպելիք ընտրությանը մենք մասնակցելու պլաններ չունենք։ Դա՝ մեկ։ Երկրորդ, մոտ տասն օր առաջ Հայրենիքի փրկության շարժումը վերահաստատել է, որ մեր օրակարգի առաջնային պահանջը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է։ Հիմա փորձենք վերլուծել, թե ինչի համար ստեղծվեց այս կեղծ օրակարգը և ինչի համար այն վերացվեց։ Ամենայն հավանականությամբ՝ Փաշինյանն ու իր խունտան նպատակ էին դրել պառակտել ընդդիմությունը, որն իրենց մոտ չստացվեց։ Երկրորդ, հավանաբար ինքը հետ է կանգնել այդ գաղափարից, որովհետև իր իսկ թիմակիցները, գիտակցելով, որ կարող է զրկվեն պարգևավճարներից, մանդատներից ու տաքուկ կաբինետներից, գիտակցելով, որ նոր ցուցակում չեն հայտնվելու, ընդվզել են, հետևաբար՝ առկա է ընդվզում և պառակտում Նիկոլ Փաշինյանի թիմում, որի հետևանքով ինքը չի գնում ընտրության։ Եվ երրորդ, ըստ իմ տեղեկությունների՝ վերջին շրջանում իշխանությունը կազմակերել է լայն հարցումներ տարբեր մարզերում և հասկացել է, որ ինքը լուրջ վարկանիշային խնդիր ունի, և ընտրությունները կարող են աղետաբեր լինել իր համար»։
Մամիջանյանն այնուհետև հիշեցրեց, որ ՀՀԿ-ն ի սկզբանե ասել է, որ սա կեղծ օրակարգ է, և առաջին կուսակցությունն էր, որը հայտարարեց, որ չի մասնակցելու Նիկոլ Փաշինյանի կազմակերպած ընտրություններին։ Իսկ հանրային պահանջը, ըստ ՀՀԿ երիտթևի նախագահի, միայն մեկն է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Հարցին՝ եթե Փաշինյանը, այնուամենայնիվ, որոշեր գնալ արտահերթ ընտրությունների, ՀՀԿ-ն միանշանակ չէ՞ր մասնակցելու իր կազմակերպած ընտրություններին, Մամիջանյանն ասաց․ «Մենք հայտարարել էինք, որ Նիկոլի կազմակերպած ընտրությանը չենք մասնակցում»։
Դիտարկմանը, թե ՀՀԿ-ի ցանկությունը՝ չգնալ արտահերթ ընտրություններին և Փաշինյանի այս որոշումը կարծես թե համընկնում են, Հայկ Մամիջանյանն ասաց․ «Բացարձակ որևէ համընկնում էստեղ չկա, էստեղ կա պարզ տրամաբանություն՝ Նիկոլ Փաշինյանը կեղծ օրակարգ մտցրեց իմ նշած երեք պատճառներով, և քանի որ Նիկոլ Փաշինյանը կյանքում որևէ խոստում չի պահել և սա իր հերթական չիրականացված խոստումն էր, ուստի ինքը չի գնում արտահերթի։ Ու ՀՀԿ-ն հերթական անգամ ի սկզբանե, հեռատես քաղաքական ուժի տրամաբանությամբ, հայտարարեց, որ էս օրակարգը կեղծ օրակարգ է և նետված է դաշտ՝ ընդամենը որպես խայծ ծառայելու համար»։
Վահե Մակարյան
hraparak.am