Իշխանությունը սկսել է դերասան քաղաքապետի համար խնդիրներ առաջացնել․ Ժողովուրդ
Երևանի քաղաքապետի և իշխանական վերնախավի հարաբերությունները գնալով լարվում են։ Փետրվարի 9-ին Երևանի ավագանին գումարելու է հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված հարցերից մեկով փոփոխություն էր նախատեսված նախորդ որոշումներից մեկում՝ կառուցվածքային փոփոխությունների մասով։
Սակայն հետաքրքիր է, որ այդ նախագծերն արդեն բացասական եզրակացություն են ստացել հենց ավագանու գլխադասային՝ ֆինանսական հարցերով հանձնաժողովում, որում մեծամասնությունը հենց իշխող իմքայլականներն են։ Մասնավորապես, օրաթերթի տեղեկություններով՝ նախորդ օրը հանձնաժողովի նիստում ավագանու անդամները մերժել են այդ նախագծերը և բացասական եզրակացություն տվել։ Իսկ ի՞նչ էր ենթադրում այդ փոփոխությունը. թերթի տեղեկություններով՝ բացասական եզրակացություն ստացավ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի կողմից բերված նախագիծը, որով պետք է կառուցվածքային փոփոխություններ լինեին և նոր հաստիքներ ավելանային։
Օրաթերթը գրել էր, որ Հայկ Մարությանը փորձում է ուժեղացնել իր դիրքերը վարչական շրջանների ղեկավարների միջոցով և նոր համախոհներ է փնտրում, սակայն, կարծես թե, նրա այս մտադրությունները բացահայտել է իշխանությունը և սկսել է դերասան քաղաքապետի համար խնդիրներ առաջացնել հենց իր աշխատավայրում՝ քաղաքապետարանում։
Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։