Մեր ուժը միասնության մեջ է. Արթուր Թովմասյան
Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մեր ուժը միասնության մեջ է
Պատմությունը բազմիցս ապացուցել է, որ յուրաքանչյուր ժողովրդի ուժը և հաջողությունը նրա միասնության մեջ է: Հազարամյակների ընթացքում մեր, ինչպես նաև այլ ազգերի ու ժողովուրդների պատմության մեջ տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք ապացուցել են նաև ճիշտ հակառակը. ցավոք, «բաժանիր և տիրիր» սկզբունքը և քաղաքականությունը կործանել է շատ-շատերին:
Ժողովուրդների և ազգերի միասնության ամենապարզ և պատկերավոր օրինակներն են 1812-ի Հայրենական պատերազմը, երբ Նապոլեոնը, նվաճելով գրեթե ամբողջ Եվրոպան, իր բազմահազարանոց բանակով տեղափոխվեց Ռուսաստան կամ 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմը. Ադոլֆ Հիտլերը, տարածելով ֆաշիզմը, մեծ տառապանքներ պատճառեց ամբողջ աշխարհի մարդկությանը, սակայն ո՛չ Նապոլեոնը, ո՛չ էլ Հիտլերը չկարողացան կոտրել միախմբված ժողովրդի ոգին, ով միավորելով տարբեր ազգություններ, համախմբված վտանգի առաջ ու բազմապատկելով ուժերը կարողացավ դիմադրել և հաղթել թշնամուն:
Դիմում եմ այն բոլոր բանական հայորդիներին , ովքեր մի պարզ պատճառով անտարբեր չեն կարող մնալ ներկայիս հայտնի թուրքամետ պաշտոնյայի հակապետական ու անօրինական գործունեությանը՝ նրանք ծնվել, մեծացել ու ապրում են իրենց իսկ պապերի կառուցած երկրում, որտեղ ՊԵՏՔ է ապրեն իրենց թոռներն ու ծոռները։
Մեր պետության համար այս քաոսային օրերին ոչ ոք չպետք է մոռանա, որ միայն միասնության և համախմբվածության շնորհիվ է մեր ժողովուրդը միշտ եղել մեծ ուժ, որ միայն միասին կարող ենք ազատվել նախ ներքին, ապա արտաքին թշնամուց և փորձել կառուցել հզոր ու բարեկեցիկ Հայրենիք հանուն մեր սուրբ նահատակների հիշատակի և հանուն մեր ապագա սերունդների:
Միասին մենք ուժեղ ենք»: