Դավութօղլուն և նրա հայ խորհրդականը` ծաղրանկարի հերոսներ /ֆոտո/
Թուրք ծաղրանկարիչ Սեֆեր Սելվին անդրադարձել է Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնին պոլսահայ հրապարակախոսի նշանակման փաստին: «Եվրենսել» լրատվական կայքում հրապարակած ծաղրանկարում Սելվին պատկերել է վարչապետ Ահմեթ Դավութօղլուին և նորանշանակ գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանին: Ծաղրանկարում Դավութօղլուն ժպտադեմ ներկայացնում է Մահչուփյանին` ասելով. «Կներեք, սա էլ իմ խորհրդական Մահչուփյանն է», գրում է Ermenihaber.am-ը:
Դավութօղլուին վերագրված այդ արտահայտությամբ թուրք ծաղրանկարիչը փորձել է ակնարկի միջոցով քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով ոչ վաղ անցյալում հայերի արժանապատվությունը վիրավորող խոսքեր էր հնչեցրել:
NTV հեռուստաալիքի «Խոսում են թեկնածուները» հաղորդման ժամանակ Էրդողանն ասել էր. «Իմ մասին ինչեր ասեք, որ չեն ասել: Ինձ անվանել են վրացի: Կներեք, բայց ինձ նույնիսկ ավելի վատ բան են ասել` ինձ անվանել են հայ: Սակայն ես թուրք եմ, պապական ու հորական կողմից թուրք եմ»:
Նշենք, որ Էրդողանի այս հայտարարությունը մեծ վրդովմունք էր առաջացրել երկրում: Նրան մեղադրեցին ռասիզմի և ազգային փոքրամասնություններին, մասնավորապես Թուրքիայի հայ քաղաքացիներին վիրավորելու մեջ:
Ermenihaber.am