Այս իշխանությունն այլևս անընդունակ է ելքեր գտնելու․ Հրապարակ
Ցավալի է տեսնել, թե ինչպես է մեր հասարակությունը կծկվել, փոքրացել, կորցրել հոգեկան հավասարակշռությունը՝ այս պատերազմում պարտության արդյունքում: Ցավալի է տեսնել, թե ինչքան շփոթված ու մոլորված են մարդիկ: Շատերն անգամ չեն գիտակցում, թե ինչ է տեղի ունեցել, և ով է մեղավոր: Ամեն ինչ խառնվել է իրար, և գիտելիքի ու ինֆորմացիայի պակասը, քարոզչությունն ու մանիպուլյացիաները, որով կառավարել են տարիներ շարունակ, հասարակությանը թույլ չեն տալիս, որ նրանք թացը չորից զատեն, հասկանան, թե ով է պատասխանատվություն կրում կատարվածի համար, և ելքեր նշմարեն:
Քիչ թե շատ բնական խելք ունեցող, մտածելու ունակ մարդիկ, իհարկե, գիտակցում են, որ երկրում կատարվող ամեն ինչի համար կա մեկ պատասխանատու՝ գործող իշխանությունը: Եվ որքան էլ նա փորձի մեղքը բարդել նախկինների ու ընդդիմության, մամուլի և էլիտայի, արտաքին ու ներքին թշնամիների վրա, միևնույն է՝ պատասխանատվությունից չի խուսափի: Բայց անգամ եթե մենք հանրային կոնսենսուսով որոշենք մեղավորին ու պատժենք, դա դեռ գործի կեսն է, հարկավոր է գտնել այս իրավիճակից դուրս գալու ելքը:
Մի բան պարզ է, որ այս իշխանությունն այլևս անընդունակ է ելքեր գտնելու, իրավիճակը շտկելու հարցում: Դա պետք է անի հասարակությունը՝ նրա առողջ ուժերը: Որքան էլ մենք վաշ-վիշ անենք, ողբանք մեր կորուստներն ու սգանք նահատակներին, եղածը եղած է, ոչինչ հետ չես բերի: Պետք է առաջ նայել: Հասարակությանը հույս, հավատ, ապրելու կամք ներշնչել և խնդիրների լուծման հեռանկարներ հուշել: Ո՜չ ատելությունը ադրբեջանցու և թուրքի հանդեպ, ո՜չ հիասթափությունը ռուսից ու վրացուց, ո՜չ նոր պատերազմի սարսափների ու տնտեսական կատակլիզմների մասին չարագուշակ կանխատեսումները մեզ չեն օգնի՝ հաղթահարելու այս ճգնաժամը»:
Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։