«ՀԱՅՐԵՆԱԴԱՎԵՐԸ» էվոլյուցիայի չենթարկվեցին և շարունակում են գոռալ ու վախեցնել այլևս անհայրենիք Հայ ժողովրդին
ՀԱՅՐԵՆԻՔ ՍԻՐԵԼ, ՆՇԱՆԱԿՈւՄ Է ԼԻՆԵԼ ՆԱԽԿԻ՞Ն, ԹԱԼԱՆՉԻ՞, ԿՈՌՈւՊՑԻՈՆԵ՞Ր…
Հայ ժողովուրդը բաժանվել է երկու մասի։ Ես կասեի նույնիսկ պառակտվել է։ Սովորաբար նման պառակտման ժամանակ քաղաքացիական բախումները դառնում են անխուսափելի։ Սակայն համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանին դա քիչ է հետաքրքրում։
Ժողովրդի բաժանումը տեղի է ունենում արդեն 3 տարի։ Հիմքերը դրվեց այս իշխանությունների կողմից և ի սկզբանե տրվեց «ՍԵՎ-ՍՊԻՏԱԿ» բաժանումը, որի կոնտեքստն էր հետևյալը՝ «ՍԵՎ» – նախկին, թալանչի, կոռուպցիոներ… «ՍՊԻՏԱԿ»՝ հպարտ, հեղափոխական, ՔԱՅԼՈՂ… Ինչպես տեսնում ենք իրական պատկերում «ՍՊԻՏԱԿՆԵՐԸ» ոչ մի կերպ չէին համապատասխանում իրենց հայտարարած «ՍԵՎԵՐԻ» հակադիր կերպարին, սակայն հայտարարելով իրենց «ՍՊԻՏԱԿ» հույսով էին հոգեբանական ազդեցություն ունենալ ժողովրդի վրա, որ իրենք՝ «ՍԵՎԵՐԻ» բնորոշիչների հակադիր բնորոշիչներն են կրում…
Այս բաժանումը ոչ մի կանոնի չէր ենթարկվում և դրված էր սին հիմքերի վրա, սակայն հանրության մեջ իրականում ինչ-որ բաժանում կար և իհարկե «ՍՊԻՏԱԿՆԵՐԻ» թելադրած կանոնով, այս բաժանումը պետք է բնականոն կերպով տրանսֆորմացվեր։ «ՍԵՎԵՐԸ»՝ նախկին էին, սակայն նրանցից ոչ բոլորն էին թալանչի և կոռուպցիոներ, դրան էլ գումարած այս բանակը համալրվեց՝ «ՍՊԻՏԱԿՆԵՐԻՑ» ավելի նոր ու առաջադեմ մարդկանցով և բնականաբար ի սկզբանե դրված «ՍԵՎ» գաղափարը սկսեց բնականոն կերպով փոխվել ու ըստ գաղափարի այս թիմը դարձավ «ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐԻ» մի մեծ բանակ։ «ՍՊԻՏԱԿՆԵՐԸ» շատ արագ իրենց սպառեցին, քանզի չունեին իրենց գաղափարախոսության հիմքում դրած ոչ մի կոնստրուկտիվ հենք և հիմնվում էին միայն «մերժում» գաղափարի վրա, որից հետո դաշտը դատարկ էր մնում։ ՆՐԱՆՔ ՍՏԻՊՎԱԾ ԵՂԱՆ ՇԱՐՈւՆԱԿԱԲԱՐ ՍՏԵԼ և միակ մոտիվացիա իրենց համար ունենալ իրենց իշխանությունը պահելը։
3 տարի շարունակ «ՍՊԻՏԱԿՆԵՐԸ» սկսեցին պայքարել արդեն «ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐԻ» դեմ։ Բնականաբար պայքարը իրենց չստացվեց, որովհետև գաղափարային առումով շատ տարբեր բաների մասին էր խոսվում։ «ՍՊԻՏԱԿՆԵՐԸ» շարունակում էին ասել՝ թալանել են…, ընդ որում մարդկանց մասին, ովքեր իրենց ամբողջ կյանքի ընթացքում ոչ մի լծակ չեն ունեցել և պետական որևե պաշտոն չեն զբաղեցրել, իսկ «ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐԸ» ուղղակի ասում էին՝ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՄԻ ՎԱՃԱՌԵՔ, ՀԱՅՐԵՆԻՔԸ ՄԻ ԿՈՐԾԱՆԵՔ, ԱԶԳԸ ՄԻ ՊՂԾԵՔ։
Ակնհայտորեն, արտախորհրդարանական ընդդիմությունը, «ՍՊԻՏԱԿՆԵՐԻ» ներկայացրած «նախկիններից» վաղուց արդեն վեր ածվեց ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐԻ, որտեղ իհարկե կան նաև նախկին իշխանության ներկայացուցիչներ՝ իսկ ո՞վ է ասել, որ նախկին իշխանություններում հայրենասերներ չկան։ Ի վերջո «նախկինների» մեջ կային բազմաթիվ մարդիկ, ովքեր իրենց կյանքի գնով մասնակցել էին Արցախի ազատամարտին և ազատագրել էին մեր հայրենիքը։ Ի՞նչ է սա, եթե ոչ հայրենասիրություն։
Ինչևե, 2020 թվականի նոյեմբերի 9-ին «ՍՊԻՏԱԿՆԵՐԸ» ստորագրեցին այն չարաբաստիկ համաձայնագիրը, որի շնորհիվ մենք ԲՈԼՈՐՈՎ կորցրեցինք մեր Հայրենիքը։ Այդ համաձայնագիրը ստորագրվեց մոտ 5000 զոհված հերոս-երիտասարդների գնով, տասնյակ հազարավոր վիրավորների և հաշմանդամների գնով, հարյուրավոր գերիների ու անհետ կորածների գնով… Ասեմ, որ արդեն անցել է 46 օր և մենք ամեն օր կորցնում ենք մի կտոր մեր հայրենիքից և ամեն օր գերեվարվում են նոր ու նոր ՀՀ զինվորներ և քաղաքացիներ։
Իրավիճակը «ՍՊԻՏԱԿՆԵՐԻ» կողմից բացարձակ չի հսկվում, սակայն նրանք շարունակում են ապրել իրենց հանրային կյանքն այնպես, կարծես ոչինչ էլ չի եղել։ Դեռ մեր հերոսների արյունը չչորացած հայտարարում են, թե պետք է դիվանագիտական հարաբերություններ հաստատել այդ զինվորներին սպանած և խոշտանգած թշնամու հետ, թողնում են, որ գյուղապետերը իրենց խնդիրները լուծեն թշնամու հետ… Հենց սա էլ առիթ հանդիսացավ, որ բնականոն կերպով, «ՍՊԻՏԱԿՆԵՐԸ» վերանվանվեն «ՀԱՅՐԵՆԱԴԱՎԵՐԻ»։
Այո, այսօր Հայ հանրությունը, ամբողջ աշխարհով կիսված է երկու մասի՝ պառակտված է։ Այդ պառակտման հիմքում կանգնած են այսօրվա իշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ և պատասխանատու են բացառապես իրենք։ Սակայն այդ բաժանումն իր բնականոն էվոլյուցիան ապրելուց հետո արդեն ոչ թե «սև / սպիտակ» է, այլ «ՀԱՅՐԵՆԱՍԵՐ / ՀԱՅՐԵՆԱԴԱՎ»։ Այս ամենի զավեշտալին նա է, որ այս երկար էվոլյուցիայի հետ «ՀԱՅՐԵՆԱԴԱՎԵՐԸ» էվոլյուցիայի չենթարկվեցին և շարունակում են գոռալ ու վախեցնել այլևս անհայրենիք Հայ ժողովրդին՝ նախկիններ, թալանչիներ, կոռուպցիոներներ…
Միհրդատ Մադաթյան