«Մանկության երազա՞նքդ էր ամբողջ Արցախը տալ թուրքին»
ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀԿ անդամ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎՆ անբարոյական է համարում իշխանության այն բոլոր ներկայացուցիչներին, որոնք հայտարարում են, թե Արցախը հանձնելու հարցը նախկիններն են «գցել» Փաշինյանի «գրպանը»։ Ըստ մեր զրուցակցի, նախկինները բանակցային հաջող դիրքեր ու զարգացող Արցախ են նրանց փոխանցել։
-Ընդդիմությունն արդեն մեկ շաբաթ բազմամարդ երթեր է անում, սակայն Փաշինյանը չի ցանկանում հեռանալ։ 2018-ին Ձեր իշխանությունն առանց բախումների հեռացավ։ Չե՞ք կարծում, որ Փաշինյանի մեթոդներով պետք է իր դեմ պայքարել։
-Փաշինյանը Հայաստանում իշխանություն չունի, առհասարակ երկրում իշխանություն չկա։ Դրա մասին են վկայում պատերազմից հետո տեղի ունեցած գործողությունները, մեր 100-ից ավելի զինվորների գերեվարումը, GPS-ով գնված տարածքների կորուստը, Սյունիքի մարզում մարդկանց ընդվզումները։ Բոլորը դիմում են ռուսական կողմին, ռուս խաղաղապահներին։ Եթե ամեն ինչ պիտի ռուսները, խաղաղապահներն անեն, բա դուք ո՞վ եք, ինչու՞ եք փող ստանում, ինչու՞ եք աշխատանքի գալիս, ու՞մ եք ներկայացնում, պարգևավճար ինչու՞ եք ստանում, բենզին ինչու՞ եք ծախսում ծառայողական մեքենաների համար, թիկնազոր ինչու՞ եք պահում։ Եթե պիտի ամեն ինչ Ռուսաստանն անի, բա դուք ո՞վ եք։ Դրա համար էլ Նիկոլը, որպես ղեկավար, գոյություն չունի։ «Հայրենիքի փրկության» շարժման անունից արդեն հստակ ասել ենք, որ մեր պայքարը վճռական է լինելու, շարունակելու ենք բողոքի երթերը, ակցիաները, երեքշաբթի էլ սկսելու ենք անհնազանդության մեծ ակցիաներ, դասադուլ, գործադուլ։ Պայքարելու ենք այնքան ժամանակ մինչև հողատուն իշխանությունից հեռանա։ Բոլոր այն պաշտոնյաները, որոնք այսօր ծառայում են Նիկոլին, պիտի հասկանան, որ մի կողմում Հայաստանի շահն է, մյուս կողմում՝ նիկոլիզմը։ Թող իրենք ընտրեն, դավաճան նիկոլիզմի շա՞հն են հետապնդում, թե՞ ՀՀ-ի։ ՈՒշ, թե շուտ Նիկոլը գնալու է, հետո չասեն, թե ստիպված հրաման են կատարել։ Իրենք պետք է ծառայեն ՀՀ-ի Սահմանադրությանը և պարտություն կրած, պատերազմ հրահրած, քաղաքական իմպոտենտ Նիկոլը պետք է հեռանա։ Մենք ժողովրդի հետ օրինական ճանապարհով պարտադրելու ենք նրա հրաժարականը։
-Ակնհայտ է, որ Փաշինյանը հեռանալու է, սակայն ողջ խնդիրն այն է, թե երբ։ Նրա կառավարման ամեն օրը թանկ է նստում Հայաստանի վրա, մենք տարածքներ ենք կորցնում, 100-ներով նոր գերիներ են ավելանում, Արցախի նոր գյուղեր են անցնում թշնամուն։ Ընդդիմությունն իր գործողությունները չպե՞տք է արագացնի։
-Ամենօրյա ռեժիմով գործողություններ արվում են։ Մենք մեկ ամսից ավելի այդ գործողությունների մեջ ենք, հասարակությունն աստիճանաբար արթնանում է, մարդիկ միանում են երթերին։ Եթե մի քանի շաբաթ առաջ Նիկոլն ասում էր, թե ժողովուրդն իր հրաժարականը չի պահանջում, հիմա տասնյակ հազարավոր մարդիկ այդ պահանջը ներկայացնում են, իսկ իրեն, բացի իր քաղաքական խունտայից, պաշպանող չկա։ Քանի՞ մարդ կա, որ ժողովրդի մեջ կկանգնի ու կասի, թե պաշտպանում է Նիկոլին. հաշված թվով մարդիկ, որոնք կամ պաշտոնյա են, կամ պաշտոնյայի բարեկամ, այն էլ՝ Նիկոլի շանտաժին ենթարկված։ Սա էլ չի աշխատում։ Դատական համակարգը նրան չի ենթարկվում, օրինականության շրջանակներում է աշխատում։ Վեհափառ հայրապետները, ԳԱԱ-ն, ԵՊՀ-ն, Վանաձորի համալսարանը, մտավորականները, համայնքների ղեկավարները, բարձրաստիճան նախկին սպաները, գեներալը հրաժարականի կոչեր են անում, էլ ո՞վ մնաց, «Իմ քա՞յլը»։ Այնտեղից էլ կլինեն շուտով մարդիկ, որոնք կշարժվեն պետության շահով։ Մնում է աթոռից կառչած, որ ի՞նչ անի։ Իրենք էլ են ընդունում, որ քաղաքական անմեղսունակ են։ Արցախում գյուղեր ենք կորցնում, նրա խոսնակն ասում է, թե ռուսական կողմը կարձագանքի, բա դու ինչացու՞ ես։ Նախօրեին Արցախի նախագահը հայտարարեց, թե պատերազմը կարող էր ավելի շուտ ու ավելի լավ պայմաններով ավարտվել։ Նույնն ավելի վաղ ասաց Պուտինը։ Ով չի կանգնեցրել, ուրեմն նա էլ հանցագործ է։ Եթե Փաշինյանին թվում է, թե ինքը հրաժարական կտա ու իր փոխարեն կբերի իր խունտայից մեկին, չի լինելու նման բան։ Նիկոլի խամաճիկին չենք հանդուրժելու։ Քաղաքական դիակների հետ իբր հանդիպում են ու մեծ-մեծ խոսում ժողովրդի անունից։ Քանի՞ հոգի են ձայն տվել այն մարդկանց, որոնց հետ Արարատ Միրզոյանը հանդիպում է։ Լեգիտիմությունից է խոսում, դե հրաժարական տուր ու մեկ տարի հետո կտեսնենք, թե այդ լեգիտիմությունից ինչ է մնացել։ Նիկոլ Փաշինյանը մնացել է ոստիկանության և ուժային կառույցների շարասյան հույսին, այն էլ՝ ոչ բոլորն են այդ համակարգում իր հրամանը կատարում։ Ե՛վ ԱԱԾ-ում, և՛ ոստիկանությունում, և՛ ուժային մյուս կառույցներում կան արժանապատիվ սպաներ, որոնք հասկանում են, որ երկիրը սա տանում է կործանման։
-Բոլոր խնդիրների լուծումն իշխանությունը ռուսական կողմի վրա է թողնում, դրան զուգահեռ էլ ակտիվ հակառուսական տրամադրություններ է տարածում։ Ինչպե՞ս սա հասկանալ։
-Հակառուսականություն տարածում է հենց Նիկոլը։ «Ազատություն» ռ/կ-ի հետ հարցազրույցում ասում է, թե ռուս խաղապահները շրջափակման մեջ են, ինչն էլ, մի հատ «չափալախ» տալով, անմիջապես հերքում է ՌԴ ՊՆ-ն։ Դրանից հետո նրա թուրքասորոսագրանտային ուժերը հարձակվում են Ռուսաստանի վրա։ Ռուսաստանն այսօր Հայաստանի անվտանգության միակ երաշխավորն է։ Տպավորություն ունեմ, որ եթե նոյեմբերի 9-ին չլիներ Պուտինի՝ պատերազմը կանգնեցնելու պնդումը, հնարավոր է Ստեփանակերտն էլ տրվեր Ադրբեջանին։ Եթե անգամ ԳՇ պետն է ասել, որ չեն կարող պատերազմում հաղթել, հանուն ինչի՞ է շարունակել պատերազմը։ Որ «Էրատո» ջոկատը մի քանի ֆոտոսեսիա ավելի՞ աներ։ ՈՒզում եմ նաև ուժային կառույցներին հարց ուղղել. հարգելի սպաներ, դուք ձեզ հարց չե՞ք տալիս՝ եթե Օնիկ Գասպարյանը պատերազմի 3-րդ օրն ասել է, որ պետք է կանգնեցնել ռազմական գործողությունները, ես, որպես ընդդիմության ներկայացուցիչ, հոկտեմբերի 12-ին ասում եմ, որ Պուտինին խնդրիր ու պայմաններին համաձայնվիր, քանի որ վաղն ավելի վատ վիճակ է լինելու, ինչու՞ Նիկոլը չկանգնեցրեց պատերազմը։
-Դուք դրանում ապաշնորհությու՞ն, ռազմական գործից անտեղյակությու՞ն, թե՞ կանխամտածված միտում եք տեսնում։
-Կամ ապուշ է, կամ դավաճան։ Երկուսն էլ աններելի են։ Բոլորը նրան զգուշացրել են ու ասել, որ պատերազմը պիտի կանգնեցնել, նա չի արել։ Ինչու՞, մանկության երազանքդ էր ամբողջ Արցախը տալ թուրքի՞ն։ ԱԱԾ-ին եմ դիմում, ասում եք, թե պետության կայունությունն եք ապահովում, այս մարդը պետության կայունության հերն է անիծում, նրան ծառայում եք, որ ի՞նչ անեք։ Իմ իշխանության եղած ժամանակ, թուրքերը դրսում ծնկի են եկել մեր առաջ, մենք հաղթած ենք եղել։ Այս ապաշնորհը հիմա մեզ խայտառակ պարտության հասցրեց։ Ալիևը մեր ժողովրդին, պետությանը վիրավորում է, աշխարհի հայհոյանքը տալիս իրեն, մի ծպտուն չի հանում։ Այդ ինչու՞ էիր էն օրը հարյուրներով ոստիկաններ փողոց հանել։ Մենք մեր տանը խելոք նստած, մարդիկ զանգում, հարցնում էին, թե ինչ է կատարվում։ Ի՞նչ իմանանք, երևի սրացումների մեջ էր… Ինքը մնալու տարբերակ չունի, գնալու է։
-Իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, թե նախորդ իշխանությունները հակամարտության լուծման այսպիսի տարբերակն իրենց «գրպանը գցեցին»։ Ինչու՞ «գցեցիք»։
-Ասողներն իրենց գլուխը պատովն են տալիս։ Նիկոլն ասել է, որ իր կետից է սկսում, ինքն էր ասում՝ չէ՞, որ Ալիևը կիրթ ու կառուցողական է, ինչ ուզի, կբանակցի։ Բա 2,5 տարվա մեջ ինչու՞ մի օր չասաց, թե Արցախը հանձնված է։ Իրենք 44 օր ասում էին՝ հաղթելու ենք, «գյոռբագյոռ» ենք անելու։ Հո գրպանը պարտությունը գցելով չէ՞։ Լավ է, չեն ասում, որ Ավարայրի ճակատամարտում էլ մենք ենք պարտվել։ Մենք իրեն ժառանգել ենք ուժեղ Արցախ, պաշտպանված սահմաններ, ուժեղ բանակը։ Ինքը բանակը փոխարինել է ելակով, մե՞նք էինք 100-ից ավելի միլիոն դոլարով ՍՈՒ-եր գնել՝ առանց հրթիռների։ Այդ ելակի փողով թող զինվորներին «կասկա» ու զրահաբաճկոն գներ, պարգևավճարներն էլ տար հակօդային պաշտպանության զենքեր գնելուն։ Նախկինները թուրքին ծնկի են բերել, դու մե՛զ ես թուրքի առաջ ծնկի բերել։ Բոլոր նրանք, ովքեր նման հայտարարություններ են անում, պաշտոնապես հայտարարում եմ՝ անբարոյական են։ Այդ ինչպե՞ս եղավ՝ հուլիսյան ռազմական գործողությունների ժամանակ մեր բանակն ամենահզորն էր, Նիկոլն էլ մարշալ Ժուկովն էր, ինքն էր այդ պատերազմը ղեկավարում, հիմա, որ պարտվել են, նախկինների՞ն են էլի հիշել։ Իր ղեկավարած արտաքին գործերի նախարարությունն ապտակեց իրեն՝ ասելով, որ Շուշիի հարցը բանակցություններում երբեք չի քննարկվել։ Մեր ժամանակ Շուշիի, Հադրութի, Մեղրիի հարց քննարկվե՞լ է։ Ցույց տվեք նման փաստաթուղթ։ Եթե գիտեիր, որ պարտվելու ես, այդ 5000 երեխեքի գլուխն ինչու՞ կերար, որ քեզ դավաճան չասե՞նք։ ՈՒ՞մ հարցրիր նման փաստաթուղթ ստորագրելիս։ Գայիր, ասեիր՝ ժողովուրդ, այս վիճակն է, ի՞նչ անեմ։ Բա 3 մլն վարչապետ կար, ու՞մ հարցրիր։
-Հիմա քննարկվում է նաև այն հարցը, թե ով է արտահերթ ընտրություններն անցկացնելու։ Փաշինյանն ամեն ինչ անում է, որ կամ ինքը, կամ «իր մարդը» լինի իշխանության, որ իր ձևով կազմակերպի ընտրությունները։ Դրան զուգահեռ իշխանությունը հայտարարում է, թե Վազգեն Մանուկյանը չի կարող լինել արդար ընտրությունների երաշխավոր, քանի որ նրա շուրջը հավաքված մարդիկ ընտրություններ են կեղծել։
-Այ, հողատու, բա որ կեղծել ենք՝ ո՞նց քո նմանը հայտնվեց խորհրդարանում։ Կարո՞ղ է մանկությանս երազանքն է եղել, որ Փաշինյանը ԱԺ պատգամավոր դառնա։ Եթե կեղծել ենք, ինչու՞ 2017-ի ընտրությունները չես բողոքարկել։ Հո ասելով չէ՞։ Ինքը այդ «կեղծված» խորհրդարանի կողմից չի՞ վարչապետ ընտրվել։ Այդ «կեղծարարների» 80 տոկոսը հիմա իր կողքին է, թե՞ որ իրեն են ծառայում, հիմնադրամներին մուծվում են, ուրեմն լավն են։ Այս կարգի բոլոր հարցերը երկրորդական են, հիմա հիմնական օրակարգից չպետք է շեղվել՝ հեռացնել Նիկոլ Փաշինյանին և մեր գերիների հարցը լուծել։ Հայ ազգը հաղթելու է իր միջի տականքին։
-Երկրում բոլոր առումներով ծանր վիճակ է։ Ժամանակավոր կառավարությանը կհաջողվի՞ այս ճահճից դուրս բերել երկիրը։
-Միայն այն, որ թեկուզ մի քանի ուղղություններով կարողանանք կանգնեցնել ամենօրյա կորուստները, արդեն հաջողություն է։ Նիկոլից վատ այլևս անհնար է, որ լինի։ 5000 զոհերը գիշերը երազին չե՞ն գալիս, գլուխը ո՞նց է դնում բարձին։ Ինչպե՞ս է նայում 10 հազարից ավելի վիրավորների ծնողների աչքերին։ 2,5 տարի Արցախի հերոսներին մերժեցիր, կալանավորեցիր, տուշոնկա շոուներ կազմակերպեցիր, դավադիր ուժեր էիր որակում արցախյան հերոսներին։ Այդ ամենը, անշուշտ, այսպիսի վիճակի պիտի հանգեցներ։
Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
irates.am